Միշուստինը ժամանել է Հայաստան. նա կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի Ծաղկաձորում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, նա կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ կառավարության ղեկավարին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԱԳՆ պետական ​​արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Հանդիպմանը նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման հարցեր և որոշել միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում միության զարգացման ռազմավարական վեկտորները։
Կողմերը կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում իրավական մեխանիզմների հետագա կատարելագործումը, այլ երկրների հետ փոխգործակցության առկա ձևաչափերի ամրապնդումը և հնարավոր գործընկերների հետ կապերի հաստատումը։
Միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության ներքո Ծաղկաձոր քաղաքում։ Այն 36-րդն է անընդմեջ միության գործունեության սկզբից ի վեր, իսկ այս տարի կառավարությունների ղեկավարների երրորդ հանդիպումը։