Խոստումն ուժի մեջ է. Քերոբյանը վստահեցնում է` «Գագարին» նախագծի շուրջ աշխատանք է արվում

Գյուղացիներին ոգևորող ներդրւմային ծրագրի ներկայացումից 1 տարի անց Գեղարքունիքի մարզի 6 գյուղերի բնակիչների կյանքում դեռ ոչինչ չի փոխվել։
Sputnik
«Գագարին» նախագծի ներդրումային ծրագիրը կառավարության մասով նախապատրաստական փուլում է։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Գիտեմ, որ ներդրողներն իրենք իրենց համար աշխատում են` իրենց պլանով։ Իսկ կառավարության օժանդակության մասը հիմա մեր քննարկման, մշակման փուլում է», –ասաց նախարարը։
Հարցին, թե խոստացված ներդրումային նախագիծը երբ կոնկրետ առարկայական տեսք կստանա, Քերոբյանը դժվարացավ ասել` նշելով, որ ծրագիրը բավական բարդ է ու ժամանակատար։
«Կարծում եմ` որոշ ժամանակ անց մենք կունենանք համաձայնեցված տարբերակ»,– ասաց նա։
ՀՀ կառավարությունը մտադիր է համաշխարհային 500 բրենդ բերել Հայաստան. Քերոբյան
Թե ինչ ժամկետում, նա չհստակցրեց։Վահան Քերոբյանը նաև հայտնեց, որ ծրագրի հիմնական հովանավորները «Հայաստան տեղափոխված հայեր են»։
Հիշեցնենք` ավելի քան 2 տարի առաջ` 2021թ–ի մայիսի 5-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել էր Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնք, որտեղ պաշտոնապես ներկայացվել էր «ԴԱՐ տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամի» կողմից իրականացվելիք «Գագարին» նախագիծը։
Դրա իրականացման արդյունքում ոչ միայն Ծաղկունքը, այլև հարևան Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Վարսեր և Գագարին գյուղերը պետք է դառնային կայուն զարգացող և նորարար կենսակերպով ապրող ինքնաբավ համայնքներ, բնակիչների բարեկեցությունը պետք է բարձրանա` նպաստելով տեղում առկա մարդկային ներուժի բացահայտմանն ու ինքնադրսևորմանը։
«Գագարին» նախագծի շրջանակում նախատեսվում է ստեղծել ժամանակակից նորարար լուծումներով էներգետիկ, գյուղատնտեսական և զբոսաշրջային ենթակառուցվածքներ, մշակույթի և արվեստի կենտրոններ։
Նախատեսվում է վերականգնել նաև Հրազդան գետի հունը, իսկ գետի վրա կառուցվող ջրամբարներում կուտակվող ջուրն ուղղել տարածքի գյուղատնտեսական հողերի ոռոգմանը և այգեգործության զարգացմանը։
Մինչև 2025 թվականը նախատեսվում է պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով իրականացնել շուրջ 1․160 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր։
Ծրագրի պաշտոնական ներկայացումից 1 տարի անց` 2022թ–ի ապրիլի 23-ին, նախարար Վահան Քերոբյանի նախագահությամբ Ծաղկունքում կայացավ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը, ըստ պաշտոնական հաղորդագրության` ծրագրի հիմնադրույթներն ու առաջիկա անելիքները քննարկելու, ժամկետները հստակեցնելու նպատակով։
«Սեպուհի» արտադրած 8 ավտոմեքենաներն արդեն ունեն պետհամարանիշ, կարող են վաճառվել. Քերոբյան
Մեկ տարի առաջ ծրագրի հեղինակները շահառու համայնքների բնակիչների համար նաև ծրագրի շնորհանդես կազմակերպեցին` վիզուալ ներկայացնելով այն, ինչ պետք է շուտով կառուցվի իրենց գյուղերի տեղում։
Գյուղացիներին ոգևորող ներդրւմային ծրագրի ներկայացումից 1 տարի անց Գեղարքունիքի մարզի 6 գյուղերի բնակիչների կյանքում դեռ ոչինչ չի փոխվել։