«Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակում ՀՀ–ից հափշտակել է շուրջ 83 մլն դրամ. գործը դատարանում է

«Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհի շինարարություն. Արխիվային լուսանկար
Քրեական գործ է հարուցվել Շիրակի մարզի Ձորակապ համայնքի նախկին ղեկավար Զ.Ս.-ի և համայնքի բնակիչ Ժ.Ա.-ի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Ձորակապ համայնքի բնակիչ Ժ.Ա.-ն նույն համայնքի նախկին ղեկավար Զ. Ս.-ի օժանդակությամբ ՀՀ–ից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 83 մլն 460 հազար 82 դրամ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Մասնավորապես՝ Ժ.Ա.-ն, տեղյակ լինելով, որ համայնքապատկան հողամասի վրա 1990-1996 թվականներին իր կողմից ինքնակամ կառուցված երկու շինությունները` ռեստորանը և հյուրանոցը, գտնվում են «Հյուսիս-Հարավ»ճանապարհի ծրագրի գոտում և պետք է ընդգրկվեն բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված հողամասերի շարքում ու օտարվեն Հայաստանի Հանրապետությանը՝ Շիրակի մարզի Ձորակապ համայնքի նախկին ղեկավար Զ.Ս.-ին համոզել է պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ։
«Արդյունքում՝ Զ.Ս.-ն Շիրակի մարզի Ձորակապի համայնքապետարանի կնիքի դրոշմով և իր ստորագրությամբ հաստատել է իրավաբանական նշանակություն ունեցող և իրավաբանական փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթեր: Զ.Ս.-ն կեղծ պաշտոնական փաստաթղթերը հանձնել է Ժ.Ա.-ին, ով տեղյակ լինելով դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցված լինելու մասին, 2014 թ.քաղվածքները ներկայացրել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակ: 2015 թվականի հոկտեմբերի 29-ին Ձորակապ համայնքի վարչական տարածքում գտնվող` 0,01789 հա և 0,065457 հա հողատարածքները գրանցվել ենԺ.Ա.-ի և նրա ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը: Արդյունքում՝ Ձորակապ համայնքը զրկվել է վերոնշյալ հողամասերն օրենքով և իրավական ակտերով սահմանված կարգով տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու հնարավորությունից»,– ասվում է հաղորդագրությունում։
Այնուհետև, Ժ.Ա.-ն, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով, շարունակել է համոզել Ձորակապ համայնքի նախկին ղեկավար Զ.Ս.-ին նախաձեռնել հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության ու շինություններն օրինական ճանաչելու գործընթաց:
Զ.Ս.-ի գործողությունների հիման վրա՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ–ի և Ժ.Ա.-ի ու վերջինիս ընտանիքի անդամների միջև 2015 թվականի նոյեմբերի 13-ին կնքվել են հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին պայմանագրեր: Դրանց հիման վրա` Ձորակապ համայնքի 0,065457 հա հողամասի ձեռքբերման համար վճարվել է 980 հազար 840 դրամ, հողամասում գտնվող շինության համար վճարվել է 50 մլն 268 հազար 966 դրամ, 0,01789 հա հողամասի ձեռքբերման համար վճարվել է 261 հազար 405 դրամ, հողամասում գտնվող շինության համար վճարվել է 33 մլն 191 հազար 116 դրամ:
Հսկող դատախազի 2023 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ՝ Զ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, պաշտոնեական կեղծիք կատարելը և խարդախությանն օժանդակելը հոդվածներով:
Իսկ Ժ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, պաշտոնեական կեղծիք կատարելը, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը և առանձնապես խոշոր չափերով խարդախություն հոդվածներով:
Դատախազը 2023 թվականի օգոստոսի 21-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: