ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Հայկական կողմի տեղեկությունները վկայում են, որ Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը` փորձելով դրա պատասխանատավությունը դնել Լեռնային Ղարաբաղի վրա։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը` Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներին և անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու–Ստեփանակերտ երկխոսության միջոցով` միջազգային մեխանիզմի շրջանակներում»,– նշեց նա։
Փաշինյանը շեշտեց, որ այս ամենի համար էական է նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կատարումը, որը նախատեսում է փախստականների վերադարձ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածք, այլև հարակից շրջաններ։
«Սա նշանակում է, որ ոչ միայն Հադրութի, Մարտակերտի մի շարք գյուղերի, Մարտունու մի շարք գյուղերի, այլև Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի և մյուս շրջանների հայերը արժանապատվորեն և անվտանգ իրենց տները վերադառնալու հնարավորություն պետք է ունենան»,– շեշտեց Փաշինյանը։
Հիշեցնենք` այս տարվա հունվարին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն Ադրբեջանից, մասնավորապես` Բաքվից, Սումգայիթից, Գետաշենից, Շահումյանի շրջանից ու այլ տեղերից բռնագաղթած հայերի մարդահամար է իրականացնում։
Նա հայտնեց, որ նաև հաշվարկներ են արվում, թե նրանք իրենց դեմ կիրառած բռնությունների հետևանքով ինչքան նյութական վնաս են կրել։
Հավելենք, որ հուլիսի 25–ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը փոխադարձ հիմունքներով պատրաստ է երաշխիքներ տրամադրել իր տարածքում բնակվող անձանց:
Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով։