Ֆրանսիան պատրաստվում է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ին բանաձև ներկայացնել. Le Figaro

ՄԱԿ ԱԽ նիստ
Փարիզը և Ֆրանսիայի հիմնական շրջանները հաջորդ շաբաթ մարդասիրական ավտոշարասյուն կուղարկեն Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Ֆրանսիան պատրաստվում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։
Տեղեկությունն իր հրապարակման մեջ գրել է ֆրանսիական հեղինակավոր Լե Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բյուիսոնը:
Մասնավորապես՝ Բյուիսոնը գրում է, որ բանաձևն ուղղված է Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչների օգնությանը, որոնք սովամահության եզրին են գտնվում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու պատճառով:
Բացի այդ, Փարիզը և Ֆրանսիայի հիմնական շրջանները հաջորդ շաբաթ մարդասիրական ավտոշարասյուն կուղարկեն Հայաստան։
Նա գրել է, որ 120 հազար տղամարդկանց, կանանց և երեխաների կյանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձեռքում է։
Բյուիսոնը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի փակումի պատճառովԼՂ բնակչությունը, որը բացառապես հայկական է, փորձության է ենթարկվում։
Լրագրողը նաև նշել է, որ քաղաքացիները զրկված են տարրական կենսագործունեության միջոցներից, դեղերից, բենզինից, սննդից, ինչպես նաև էլեկտրականությունից, ջրից և ինտերնետից, որի հասանելիությունը պարբերաբար փակում են նրանց շրջապատող ադրբեջանցիները։
Ադրբեջանին ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել. Ադամ Շիֆը դիմել է Բայդենի վարչակազմին
Բյուիսոնը նաև նշել է, որ արգելափակման և պարենի բացակայության պայմաններում քաղաքացիական բնակչության շրջանում մի քանի մահ է գրանցվել:
Հիշեցնենք, որ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարել։ ՄԱԿ ԱԽ նիստը կայացել է օգոստոսի 16-ին։
Այդ օրը, սակայն, որևէ փաստաթղթով չարձանագրվեցին նիստին ելույթ ունեցող երկրների դիրքորոշումները։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն այս մասով հայտնել էր, որ ընթացակարգային առումով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը քննարկումն է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձևի կամ հայտարարության) ընդունում։
Բացի այդ, ՄԱԿ ԱԽ բանաձևերի նախագծեր ներկայացնելու և քվեարկության դնելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն ՄԱԿ ԱԽ 15 (մշտական և ոչ մշտական) անդամները. Հայաստանը, չլինելով ՄԱԿ ԱԽ անդամ, նման իրավասություն չունի։