ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. ՀՀ կառավարությունը ցանկանում է հետագայում օտարման ներկայացնել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գույքը։ Նման որոշում է ընդունել ՀՀ կառավարություննայսօրվա նիստում։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս կառույցը փաստացի չի օգտագործվել և ընկերության հետագա գործունեության համար չպահանջվող գույք է, որը պետք է ամրացնել կոմիտեին և դիտարկելով որպես պետական սեփականություն հանդիսացող շարժական գույք`հետագայում ներկայացնել օտարման։
Կառույցը գտնվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության ենթակայության ներքո։
Նախատեսվում է ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել նրա կանոնադրական կապիտալը:
2021 թ. գույքի շուկայական արժեքը գնահատվել է ավելի քան 9 մլրդ դրամ: Երկամսյա ժամկետում պետք է ապահովվի այս գույքի հանձնումը ՏԿԵՆ–ից ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին։
Այնուհետև այս գույքը, 2 առանձին լոտերով, համապատասխանաբար 8 մլրդ և ավելի քան 1 մլրդ դրամ գնահատված արժեքներով պետք է ներկայացվի օտարման` մրցույթներով։
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում կստեղծվի մրցութային հանձնաժողով՝ կազմում ընդգրկելով կոմիտեի 3 անդամի, ՏԿԵՆ–ից 3 անդամի, ՀՀ արդարադատության նախարարությունից 1 անդամի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից` 1։
Չշահագործվող գույքի օտարումից առաջացած դրամական միջոցները կուղղվեն ՀՀ պետական բյուջե։
ՀՀ կառավարությունից վստահեցնում են, որ որոշման վերաբերյալ հասարակությանը կիրազեկեն։