ԵԱՏՄ–ում չլուծված հարցեր կան, դրանից է կախված էներգաբլոկի զարգացումը. Բելառուսի վարչապետ

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն
Բելառուսի վարչապետը շեշտել է, որ ընդհանուր էներգետիկ շուկաների վրա աշխատանքն ակտիվ փուլում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում կան սկզբունքորեն չլուծված խնդիրներ, որոնց զարգացումից կախված է էներգաբլոկի հետագա զարգացումը։ Այս մասին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն հայտարարեց Ծաղկաձորում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստի ժամանակ։ Վերջինս շարունակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԵԱՏՄ–ում գազի ընդհանուր շուկայի ստեղծման կարևորության մասին բարձրացրած թեման։
«Չնայած ընդհանուր էներգետիկ շուկաների վրա աշխատանքն ակտիվ փուլում է, սակայն դեռևս կան սկզբունքորեն չլուծված խնդիրներ, որոնց զարգացումից է կախված ԵԱՏՄ էներգաբլոկի հետագա զարգացումը»,- ասաց Բելառուսի վարչապետը։
Նա նաև ընդգծեց, որ պետք է քննարկել ԵԱՏՄ հետագա զարգացման առաջնահերթությունների հարցը։ Գոլովչենկոն նշեց` առկա մարտահրավերների և արագ փոփոխվող իրադրության պայմաններում անհրաժեշտ է հստակ սահմանել ԵԱՏՄ հետագա զարգացման վեկտորները։
Ավելի վաղ ՀՀ վարչապետը շեշտել էր, որ սկզբունքային նշանակություն ունի միության կազմում ընդհանուր գազային շուկայի, էներգետիկ շուկայի ստեղծումը։
Նշենք, որ այսօր Ծաղկաձոր քաղաքում առերես ձևաչափով տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը:
Օրակարգում էին ԵԱՏՄ-ում միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը: