ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին նոր մեղադրանք է ներկայացվել «Ձորա ՀԷԿ»-ի քրեական գործով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Միքայել Մինասյանը 2008 – 2012 թվականը զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2013 –2018 թվականը եղել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Այդ տարիներին նա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունքի չի ունեցել, բայց մինչև 2016 թվականը անձամբ և իր մտերիմներ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի միջոցով ձեռնարկատիրական գործունեություն է իրականացրել, որի արդյունքում խոշոր շահույթ է ստացել։
Հսկող դատախազի օգոստոսի 24-ի որոշմամբ Մինասյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ փողերի լվացման համար։
Քրեական վարույթով պարզվել է, որ 2010 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության 4 մլրդ 646 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով գույքը 3 մլրդ 600 մլն դրամով օտարվել է Մինասյանի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:
Այնուհետև կառավարությունը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու նպատակով 2011 թ համապատասխան որոշմամբ փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանված 10 Մվտ հզորության փոխարեն առավելագույն հզորություն է սահմանել մինչև 30 Մվտ հզորությունը:
Արդյունքում 2012-2016 թվականների ընթացքում «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վաճառքի համար սահմանվել է կրկնակին գերազանցող սակագներ: «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ–ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է 3 մլրդ 750 մլն 837 հազար 591 դրամ:
Մինասյանը քողարկել է ընկերության 30 տոկոս բաժնեմասերի իրական շահառու հանդիսանալու հանգամանքը, որի արդյունքում 2011-2016 թվականների ընթացքում ստացել է 1 մլրդ 113 մլն 698 հազար 628 դրամ շահաբաժին:
Հիշեցնենք` Միքայել Մինասյանը հետախուզման մեջ է 2020-ի մարտի 23-ից։ Նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ–ի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով:
Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ։