ԲՐԻԿՍ-ին Իրանի անդամակցությունը Թեհրանում «ռազմավարական հաջողություն» են անվանել

Իրանի դրոշը
Ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան Յոհանեսբուրգում ԲՐԻԿՍ-ի 15-րդ գագաթնաժողովի ընթացքում հայտարարել էր Արգենտինային, Եգիպտոսին, Իրանին, Եթովպիային, ԱՄԷ-ին և Սաուդյան Արաբիային պաշտոնապես ԲՐԻԿՍ-ի կազմ հրավիրելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին «ռազմավարական հաջողություն» է անվանել հանրապետության անդամակցումը ԲՐԻԿՍ-ին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան Յոհանեսբուրգում ԲՐԻԿՍ-ի 15-րդ գագաթնաժողովի ընթացքում հայտարարել էր Արգենտինային, Եգիպտոսին, Իրանին, Եթովպիային, ԱՄԷ-ին և Սաուդյան Արաբիային պաշտոնապես ԲՐԻԿՍ-ի կազմ հրավիրելու մասին։ Նա հայտնել է, որ ԲՐԻԿՍ-ին միացող նոր երկրների լիարժեք անդամակցությունը կսկսվի 2024 թվականի հունվարի 1-ից:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը դարձել է ԲՐԻԿՍ-ի անդամ։ Աշխարհի զարգացող երկրների խմբին մշտական անդամակցությունը պատմական իրադարձություն է և Իրանի արտաքին քաղաքականության ռազմավարական հաջողությունն է», -գրել է Ջամշիդին Twitter-ի իր էջում։
ԲՐԻԿՍ գագաթաժողովն անցկացվում է Յոհանեսբուրգում օգոստոսի 22-24-ը, դրան ներկա են Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և ՀԱՀ-ի ղեկավարները, Ռուսաստանը ներկայացնում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովին մասնակցում է տեսակոնֆերանսի ռեժիմով:
ԲՐԻԿՍ-ն այս պահին միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, սակայն վերջին ժամանակներս տնտեսական բլոկին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն, նրանցից 6-ն արդեն հրավեր են ստացել։