Անգամ 80 դրամով վաճառելով ցորենը` գյուղացին շահույթ ունի. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը
Ըստ նախարարի` ՀՀ կառավարությունն արդեն խոշոր աջակցություն է ցուցաբերել ցորեն աճեցնող գյուղացուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Անգամ ցորենը 1 կգ–ն 80 դրամով վաճառելով` գյուղացին ունենում է շահույթ։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա անդրադարձավ այն մտահոգություններին, որ ռուսական ցորենը սկսել է մեծ քանակությամբ ներկրվել ՀՀ և արդյունքում տեղական արտադրողը կանգնել է փաստի առաջ` չի կարողանում վաճառել իր մշակած ցորենը կամ վաճառում է շատ ցածր գնով` 1 կգ–ն 80 դրամով։
«Մենք չենք լսել նման խոսակցություններ, թե տեղական արտադրանքի գնորդներ չկան։ Չնայած ցորենի գները ընկել են, սակայն գնորդ կա»,– վստահեցրեց նա։
Ըստ նախարարի` ՀՀ կառավարությունն արդեն խոշոր աջակցություն է ցուցաբերել ցորեն աճեցնող գյուղացուն։
«2022թ. աշնանացանի ծրագիրն աշխատել է բավականին հաջող` չնայած անցած տարի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողություններին։ Մենք միայն չկարողացանք Գեղարքունիքի և Սիսիանի համայնքներում այդ ծրագիրն ամբողջովին իրականացնենք»,– վստահեցրեց Քերոբյանը։
Նրա խոսքով` մոտ 13 հազար հա ավելի ցանքատարածքներ են մշակվել, և կառավարությունն ամեն հեկտարի համար սուբսիդավորել է որոշակի գումար։
Քերոբյանն ընդգծեց, որ ֆերմերների հետ իրենց զրույցը ցույց է տալիս, որ այդ աջակցությունը կրիտիկական նշանակություն է ունեցել, որ կարողանան եկամուտ ունենան։
Նշենք, որ ըստ Ռուսաստանի հացահատիկային միության և Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների` Հայաստանը շարունակում է ռուսական ցորենի խոշորագույն գնորդներից մեկը լինել։ 2021/22 սեզոնին (հուլիս/հունիս) Հայաստանը Ռուսաստանից գնել է մոտ 337,8 հազար տոննա ցորեն, այդ թվում՝ 2021 թվականի երկրորդ կիսամյակում` 207,3 հազար, իսկ 2022 թվականի առաջին կիսամյակում՝ 130,4 հազար տոննա։ Հայաստան ներկրվող ցորենի 99,9 տոկոսը Ռուսաստանից է։