ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանապահները վերցրել են Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի անձնագիրն ու 4 ժամ պահել փակ սենյակում։ Այս մասին նա հայտնել է Sputnik–ին։
Նշենք, որ օգոստոսի 24-ին Երևանի օդանավակայանում Կրիվոպուսկովին մերժել են մուտք գործել երկիր։
Նա նշել է, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի առումով իրավիճակը բավականին տագնապալի է։
«Ամենատհաճն ինձ համար այն է, որ ինձ ոչ ոք պաշտոնապես չի զգուշացրել Փաշինյանի «սև ցուցակում» ընդգրկվելու մասին։ Սահմանապահները Երևանի օդանավակայանում վերցրել են անձնագիրս ու 4 ժամ պահել փակ սենյակում` հայ ժողովրդի համար անցանկալի անձ հայտարարելու համար»,– պատմել է Կրիվոպուսկովը։
Նա ընդգծել է, որ արդեն 2 տարի Երևանում չի եղել և նախատեսում էր ներկա գտնվել երիտասարդության և ստեղծագործ մտավորականության ռուս–հայկական համագործակցության նոր ՀԿ–ի շնորհանդեսին։
Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավարն արդեն 4-րդ անձն է ՌԴ–ից, ում թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ` ճանաչելով որպես անցանկալի անձ։
Ավելի վաղ արգելվել են ՌԴ Պետդումայի պատգամավոր, հայ–ռուսական «Լազարյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինի, «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովի մուտքը Հայաստան։
Հիշեցնենք` այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի համար անցանկալի անձ են ճանաչել Ֆրանսիայի «ՀՅԴ նոր սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանին:
Ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ ճանաչվեցին ՀՅԴ մի քանի ղեկավարները (Մուրադ Փափազյան, Մասիս Աբրահամյան) և ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը: