Ալիևը հրաժարվել է ընդունել Բելգիայի ԱԳ նախարարին նրա «հայամետ դիրքորոշման» համար

Ադրբեջանական իշխանությունները վրդովված են Հաջա Լահբիբի` Երևանում արած որոշ հայտարարություններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ընդունել Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբին։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Բաքվում դժգոհ են նրա «հայամետ դիրքորոշումից»։
Բելգիացի նախարարն ավելի վաղ տարածաշրջանային այցով եղել էր Հայաստանում, այնուհետև մեկնել էր Վրաստան։ Իսկ այսօր նա պետք է մեկնի Ադրբեջան:
Նշենք, որ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում Բելգիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Բելգիան ամբողջությամբ ընդունում է Եվրամիության դիրքորոշումը` Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։
Հավելենք, որ ավելի վաղ ադրբեջանական իշխանությունները հրաժարվել են ընդունել աշխատանքային այցով տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։