Ադրբեջանցի երգչին պատկանող RAAVA MUSIC–ի ներքո հանդես եկող Անդրոյի համերգը չեղարկվել է

Կազմակերպիչ ընկերությունը «սթորի» բաժնում գրել է, որ ձեռք բերված տոմսերի գումարները մոտ ապագայում կվերադարձվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանցի երգիչ Էլմանին պատկանող երաժշտական RAAVA MUSIC լեյբլի հետ աշխատող երգիչ Անդրոյի երևանյան համերգը չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք համերգի կազմակերպչի` «StageMuse» ընկերության էջից։ Համերգը չեղարկելու մասին հայտնել է նաև երգիչն «Ինստագրամի» իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ համերգը պետք է կայանար օգոստոսի 30-ին Երևանում։ Սոցցանցերում նրա համերգի վերաբերյալ լուրը բողոքի ալիք էր բարձրացրել սոցցանցերի հայկական տիրույթում, քանի որ լեյբլի հիմնադիր, պրոդյուսեր Էլմանը (Էլման Զեյնալով) 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին սոցցանցերում հրապարկումներ էր անում ի պաշտպանություն Ադրբեջանի։
Կազմակերպիչ ընկերությունը «սթորի» բաժնում գրել է, որ ձեռք բերված տոմսերի գումարները մոտ ապագայում կվերադարձվեն։
Անդրոն էլ իր էջում սթորիներ է հրապարակել, որտեղ իր վրդովմունքն է հայտնել համերգի չեղարկման առթիվ ու նշել, որ ինքը ազգությամբ գնչու է, գնչուներ էլ ապրում են նաև Հայաստանում` Երևանի Սարի թաղ, Քանաքեռ, Նորք Մարաշ կոչվող թաղամասերում, ինչպես նաև Գյումրիում։
Լեյբլի երգիչը, որի պրոդյուսերն ադրբեջանցի է, Երևանում համերգ կտա. օգտատերերը վրդովված են
Նա հայտնել է նաև, որ իր նախնիներից շատ պատմություններ կան, թե ինչպես են առաջին անգամ նրանք հասել, օրինակ, Գյումրի։ Անդրոն նաև շեշտել է, որ գնչուները մարդկության այլ տեսակ են և կապ չունեն թյուրքերի հետ։
Հավելենք, որ Անդրոն (իսկական անունը Իոան Ժանի Կուզնեցով) ՌԴ–ում է հանդես գալիս, ռեպ կատարող է։