ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ենթարկելու՝ Ադրբեջանի մտադրությունը կանխելու համար ուղերձներն արդեն բավարար չեն, և անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գործողություններ: Այսօր այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարար Միրզոյանն իր լեհ գործընկերոջն է ներկայացրել Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավելի շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող ճգնաժամը:
«ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԼՂ-ում գրեթե բոլոր բնագավառներում խաթարված են կենսագործունեության համար բավարար պայմանները և խախտված են 120000 բնակչության նույնիսկ տարրական իրավունքները: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ մինչ շրջափակումը սպառվող սննդամթերքի շուրջ 90%-ը ներկրվում էր Հայաստանից. այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոչ միայն չի ստանում այդ մատակարարումները, այլև զրկված է նույնիսկ ԿԽՄԿ միջոցով հնարավոր հումանիտար աջակցությունից»,– նշված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հրահրելով՝ Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստանի և միջազգային հանրության, այդ թվում՝ ԵՄ ջանքերը Հարավային Կովկասում կայունություն հաստատելուն ուղղված։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։