ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ այսօր հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Միհրան Պողոսյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
Նշվում է, որ Միհրան Պողոսյանը, 2008 թվականից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր թիկնապահ Է.Ս.-ին և իր անձնական վարորդ Հ.Բ.-ին ԴԱՀԿ–ում նշանակել է տարբեր պաշտոնների, սակայն նրանց հանձնարարել է ապահովել իր անձնական անվտանգությունը: Արդյունքում յուրաքանչյուրը 5–ից 6 տարվա ընթացքւոմ ստացել է ընդհանուր շուրջ 22 մլն դրամի չափով աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:
Բացի այդ, Միհրան Պողոսյանն իր մորեղբոր երկու որդիներին ԴԱՀԿ–ում տարբեր պաշտոնների է նշանակել։ Նրանք, սակայն, ունեցել են արտոնյալ կարգավիճակ` փաստացի աշխատանքի չեն հաճախել, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, սակայն մեկ տարում ստացել են մինչև 10 մլն–ական դրամի չափով աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:
Մեկ այլ դեպքում Միհրան Պողոսյանն իրեն սպասարկելու համար ԴԱՀԿ հաշվեկշռում գտնվող 4 ավտոմեքենաներն ամրակցել է իր անվտանգության աշխատակիցներին` 3–4 տարում ՀՀ պետական բյուջեի և ԴԱՀԿ ֆոնդի միջոցներից հափշտակելով ավելի քան 40 մլն դրամ:
Չարաշահելով պաշտոնեական լիազորությունները` Միհրան Պողոսյանը նաև սահմանված կարգի խախտմամբ աճուրդ անցկացնելու պայմաններում 166 հատ տրանսպորտային միջոցներն իրացրել է ցածր գնով և պահանջատերեր Հ.Ա.–ին ու Ռ.Հ.–ին զրկել իրենց հասանելի 13 500 դոլարի և 87 500 դոլարի հատուցումը ստանալուց և այլն:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է «Քեթրին գրուպ», «Բեսթ ռեալթի», «Կեչառիս հոթել» և «Ֆրուտիմեքս» ՍՊ ընկերությունների կառավարմանը, արտոնություններ և առավելություններ տրամադրելու եղանակով հովանավորել նրանց:
Արդյունքում, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հետևանքով ձեռք բերած 1 մլն 190 հազար դոլարի ծագման իրական աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու և դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով դրանք ձևակերպել է իբրև փոխառություն:
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ հսկող դատախազը Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի
256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը` հինգ դրվագ),
179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը),
308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ` երկու դրվագ),
309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)
190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը` փողերի լվացումը):
Հիշեցնենք, որ դատախազությունը 2022 թ.-ի սեպտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը 2022 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
Միհրան Պողոսյանը հետախուզման մեջ է առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։
2019 թվականի ապրիլի 19-ին Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Իսկ մայիսի 28-ին ազատ էր արձակվել և ապրում էր Պետրոզավոդսկում վարձակալած բնակարանում`իրավապահների հսկողության տակ։
2019թ.-ի օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանին Հայաստանին արտահանձնելու` ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է անհնարինության հիմքով։
2022թ–ի ապրիլին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, նրա կնոջ ու դստեր, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ընկերությունների սեփականատեր ու ղեկավար գրանցված անձանց գույքի նկատմամբ արգելանք էր կիրառվել։