ԼՂ–ում աղետը կանխելու համար ԵԱՀԿ–ի կողմից հրատապ քայլեր են պետք. Միրզոյանը` Կասպրշիկին

Անջեյ Կասպրշիկը Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի` Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ խոսել է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Կասպրշիկը Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում:
«Անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին։ Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ–ի կողմից հրատապ և գործուն քայլերի հրամայականը՝ վերահաս հումանիտար աղետը և դրա անդառնալի հետևանքները կանխելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է նաև ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը միջազգային գործուն մեխանիզմների ներքո:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։