ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ չկան: Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում այս մասին ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Հայաստան յուրաքանչյուր այցի ընթացքում իր հետ խոշոր գործարարներ են գալիս տարբեր երկրներից։ Այս անգամ եկել են Գերմանիայից, Իրանից, Շվեյցարիայից։
«Նախորդ անգամ եկել էր ԱՄՆ–ի խոշորագույն ապահովագրական ընկերության ղեկավարը։ Արդեն երկու անգամ եկել են, այստեղ ուզում էին գործ բացել, բայց դուք չեք կարող պատկերացնել, թե որքան շատ խնդիրներ կան Հայաստանում։ Այստեղ ներդրումների համար բարենպաստ պայմաններ չկան, ես՝ որպես գործարար, ասում եմ։ 400 պատճառ կարող եմ նշել, բայց չեմ ասի», - ասաց Աբրահամյանը։
Ռուսաստանի հայերի միության նախագահի խոսքով` իշխանությունների և օտարերկրյա բիզնեսի միջև կապ ընդհանրապես չկան։ Շեշտեց` ինչ-որ բան, իհարկե, արվում է, բայց դա բավարար չէ։
Աբրահամյանը նաև ուշադրություն հրավիրեց իշխանությունների այն հայտարարություններին, թե բարձրացել են աշխատավարձերը, թոշակները։ Նրա խոսքով՝ եթե մարդիկ ասում են, որ միևնույնն է՝ սոված են մնում, չեն բավարարում այդ բարձրացումները, ապա այդ թվերն արդեն կարևոր չեն։