Պաշտոնական մեկնաբանությունները կա′մ իսպառ բացակայում են, կա′մ սահմանափակվում են բոլորին հայտնի ոչինչ չասող դիվանագիտական արտահայտություններով՝ «բարձր ենք գնահատում», «հուսով ենք կնպաստի» և այլն։
Ավելին, նյույորքյան նիստից անմիջապես հետո Հայաստանի արտգործնախարարությունը լրատվամիջոցներին փոխանցեց բավական մշուշապատ տեղեկատվություն՝ թե, մեջբերեմ. «առաջիկա 24 ժամում շրջանառության մեջ կարող է դրվել բանաձևի կամ հայտարարության տեքստ, բայց այս հարցով հստակություն դեռևս չկա»։ Իսկ այս շաբաթվա սկզբին վերջապես ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ այդ նույն նախարարության խոսնակը հայտարարեց. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը քննարկում է, և այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի ընդունում»։
Լավ էր, չէ՞։ Այսինքն, ի սկզբանե հայտնի էր, որ Նյու Յորքում բացարձակ ոչ մի փաստաթուղթ էլ չի ընդունվելու։ Իսկ մենք՝ միամիտներս, դեռ մի տասն օր առաջ թեժ-թեժ վիճում էինք, թե ի՞նչ կընդունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ բանաձե՞ւ, թե՞ հայտարարություն, ո՞վ կարող է վետո դնել, և եթե այնուամենայնիվ որևէ փաստաթուղթ ընդունվի, ինչպե՞ս է ՄԱԿ-ը ստիպելու անհնազանդ Բաքվին կյանքի կոչելու այդ փաստաթղթի դրույթները։ Դժվար է չհամաձայնել այն մեկնաբանների հետ, որոնք փաստում են՝ սրանով կարելի է ավարտված համարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու գործընթացը, որը, անկեղծ լինենք, մի առանձնապես արձագանքի էլ չարժանացավ միջազգային հանրության կողմից։
Թույլ տվեք մի շատ սուբյեկտիվ ենթադրություն անել. բացարձակ որևէ գաղափար չունեմ իշխանական ճամբարում տիրող տրամադրությունների մասին, բայց չգիտես ինչու համոզված եմ՝ իշխող կուսակցության Սայաթ-Նովայի պողոտայի կենտրոնակայանում ամենևին անկումային մթնոլորտ չի տիրում։ Այն պարզ պատճառով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ևս մեկ անգամ հաստատեց հայաստանյան կառավարության նախընտրած ուղու իրավացիությունը՝ մեզ օգնող չկա, Հայաստանն էլ չի կարող ոչինչ անել Արցախի համար, և ուրեմն, միակ ճիշտ ճանապարհը, կներե′ք, «գառների լռությունն» է, այսինքն՝ զիջումները։
Էնպես չի, որ մենք՝ հայերս, անզիջում ազգ ենք։ Բայց սկզբունքային հարց է ծագում՝ զիջել, զիջել… մինչև ե՞րբ։ Այսօր, երբ նշվում է Հայաստանի անկախության հռչակագրի տարեդարձը, հիշենք, որ անկախության հռչակումից ի վեր միջնորդները շարունակ կոչ էին անում մեր բոլոր իշխանություններին՝ պատրաստե′ք ձեր բնակչությանը խաղաղության։ Ես անձամբ խաղաղությանը պատրաստվելուն միշտ պատրաստ եմ, բայց ախր, գոնե ասեք, թե ինչպիսին է լինելու այդ խաղաղությունը։ 30 տարում բազմաթիվ առաջարկներ ենք տեսել, նոր իշխանություններն այնքան են խոսել Մադրիդյան «ահավոր ու կործանարար» սկզբունքների մասին, որ մենք գրեթե անգիր ենք արել այդ սկզբունքները, որոնք անխուսափելիորեն տանում էին դեպի Արցախի հանձնում, բայց մազապուրծ եղանք «ամենափրկիչ» թավշյա հեղափոխության շնորհիվ։
Այո′, առաջարկներ շատ են եղել, բայց չեմ հիշում, որ դրանցից գեթ մեկը հրապարակեին ո′չ թե Մինսկի խմբի համնախագահները, ո′չ թե Հայաստանի և Ղարաբաղի առաջնորդներըը, այլ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավարը։ Ինչպես ասվում է «Անորսալի վրիժառուները» ֆիլմում. «և՝ լռություն…»։ Ախր գոնե մի բերան ասեք՝ այս առաջարկներն իսկապե՞ս պաշտոնապես ստացվել են Մինսկի խմբում համանախագահող երկրից, որ սկսենք քննարկել։ Էդ էլ չեն ասում։
Բոլոր դեպքերում, եթե թեկուզ թռուցիկ ծանոթ եք այս նոր առաջարկներին, երևի կհամաձայնեք, որ դրանք մի փոքր հիշեցնում են այսպես կոչված «Ընդհանուր տան» գաղափարը՝ միայն թե շատ ավելի վատ տարբերակով։ Իհարկե, հիմա արդեն կարող ենք ափսոսալ, որ ժամանակին իրականություն չդարձավ «Ընդհանուր պետության» գաղափարը, բայց այն ժամանակ հաղթանակով ոգևորված էինք ու այնքան միամիտ, որ անկեղծորեն հավատում էինք, թե Ղարաբաղյան հարցը կարելի է լուծել քաղաքակիրթ ձևով, ինչպես արեցին ֆիններն ու շվեդները Ալանդյան կղզիների դեպքում։ Համոզված էինք, որ միջնորդներն ավելի ու ավելի լավ առաջարկներ են բերելու։ Չէինք էլ պատկերացնում, որ տարիներ անց Հայաստանում իշխանության կգան երիտասարդ, անփորձ, դիվանագիտական աշխատանքին և ռազմական գործին անծանոթ մարդիկ, ինչը կհանգեցնի պարզապես աղետալի հետևանքների։
Եվ հիմա արդեն ցանկացած նոր առաջարկի քննարկում տեղափոխվում է բոլորովին այլ հարթություն, որտեղ ամենակարևորը ոչ թե բուն առաջարկի բովանդակությունն է, այլ դրա կատարման երաշխիքները։