Արայիկ Հարությունյանը Աղդամի ճանապարհն օգտագործելու որոշում չի ընդունել. Լուսինե Ավանեսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը. Արխիվային լուսանկար
Արայիկ Հարությունյանն իշխանությունների մոտեցումների մասին տեղեկությունները կհանրայնացնի անձամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Աղդամի ճանապարհն օգտագործելու որոշում չի ընդունել։ «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
Լուսինե Ավանեսյանը նաև հայտնել է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը oգոստոսի 22-ին և 23-ին փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ, որոնց ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից լիակատար պաշարման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, Արցախի իշխանությունների անելիքները և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ տարբեր կենտրոններից ստացված միջնորդական առաջարկները:
«Որևէ որոշում չի կայացվել, իսկ քննարկումները շարունակվում են, և Արայիկ Հարությունյանը առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ»,-ասել է Ավանեսյանը։
Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 22-ին Արցախի Անվտանգության խորհրդի նիստում տեղեկացրել է, որ որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առևտուր անելու մասին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի բանակցությունների ընթացքում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Դա հերքել են Հայաստանի իշխանությունները։
Հիշեցնենք նաև` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։