Անդրեասյանը Սպենդիարյանի անվան թատրոնի անձնակազմին է ներկայացրել նոր տնօրենին

Նախարարը վստահեցրել է, որ պետությունը մշտապես լինելու է օպերային թատրոնի կողքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանին: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Ժաննա Անդրեասյանն ու Սպենդիարյանի անվան թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը
Նախարարի դիտարկմամբ՝ Կարեն Դուրգարյանին և նրա գործունեությունը ներկայացնելու կարիք չկա, քանի որ մաեստրոն վերջին տարիներին այս պաշտոնի գործառույթներն իրականացրել է։
«Ամփոփվել է թատրոնի տնօրենի մրցույթը, և ես վստահ եմ, որ իրավական այս կարգավիճակում մենք կունենանք թատրոնի զարգացման ավելի հստակ հեռանկար: Այն միտումները, որոնք տեսնում էինք վերջին տարիներին, հիմք են հանդիսացել, որպեսզի ներդնենք թատրոնի զարգացման նոր ծրագրեր»,–նշել է նախարարը:
Նա հաջողություն է մաղթել թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանին անձնակազմի հետ աշխատանքում և նշել, որ պետությունը մշտապես լինելու է օպերային թատրոնի կողքին՝ կարգավորելու բոլոր խնդիրները:
1 / 3

Ժաննա Անդրեասյանն ու Սպենդիարյանի անվան թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը

2 / 3

Ժաննա Անդրեասյանը Սպենդիարյանի անվան թատրոնի անձնակազմին է ներկայացնում նոր տնօրենին

3 / 3

Ժաննա Անդրեասյանն ու Սպենդիարյանի անվան թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը

Նշենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կարեն Դուրգարյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է 2021 թվականի օգոստոսի վերջից, իսկ թատրոնի տնօրենի պաշտոնի մրցույթում հաղթող է ճանաչվել այս տարվա օգոստոսի 8–ին։
Մինչ այդ Օպերային թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը Կոնստանտին Օրբելյանն էր, որը 2021-ի հունիսին նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր:
Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած սիմֆոնիկ նվագախումբը «Ոսկե սկավառակ» մրցանակ է ստացել