ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Երևանում 28-ամյա տրանսգենդեր կնոջ սպանության համար մեղադրանք է ներկայացվել Արմավիրի մարզի 26-ամյա բնակչին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ դեպքից առաջ տուժողի և վերջինս ծանոթ, Արմավիրի մարզի 26-ամյա բնակչի միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Վիճաբանության ժամանակ 26–ամյա բնակիչը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել տրանս կնոջ պարանոցի և կրծքավանդակի շրջանում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այնուհետև հրկիզել է բնակարանը և դեպքի վայրից հեռացել:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել սպանություն և գույքը ոչնչացնելը կամ վնասելը հոդվածներով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք` ՀՀ ՆԳՆ–ն հայտնել էր, որ Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել ու ձերբակալվել է սպանության մեջ կասկածվող 26-ամյա երիտասարդ։ Նա Երևանի Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում սուր ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա քաղաքացուն, այնուհետև սպանության հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է բնակարանը:
Դեպքից հետո սոցցանցերի հայկական տիրույթում սկսեցին ակտիվ քննարկումներ անել` շատ դեպքերում խրախուսելով սպանությունը սպանվողի տրանսգենդեր լինելու հիմքով։