Զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, իրականացվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Երեկ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հիշեցնենք, որ երեկ` ժամը 15:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով գլխի շրջանում մահացու հարզենային վիրավորում է ստացել մարտական հերթապահության ընդգրկված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վանիկ Արամի Ղազարյանը:
Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են և տեղափոխել Երևան. ՊՆ
Նշվում է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (սպանություն կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) և 15-րդ կետերով (սպանություն` ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով)։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, իրականացվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է: