Թուրքիայի արտգործխնախարարը մեղադրել է ՄԱԿ-ին Կիպրոսում «չեզոքությունը կորցնելու» մեջ

Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է համաշխարհային կազմակերպության դիրքորոշումը Կիպրոսի բուֆերային գոտում իրադարձությունների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, խոսելով Կիպրոսում տեղի ունեցած միջադեպի մասին, մեղադրել է ՄԱԿ-ին «չեզոքությունը կորցնելու» մեջ:
TRT Haber-ը հայտնում է՝ նախարարը հայտարարել է, որ Անկարան լիովին պաշտպանում է այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի օրինական դիրքորոշումն» այս հարցում:
Կիպրոսցի թուրքերն օգոստոսի 18-ին սադրանք են կազմակերպել՝ բուլդոզերով հրելով ՄԱԿ-ի մեքենաները։ Միջադեպը տեղի է ունեցել Պիլա բնակավայրի մոտ, որը գտնվում է Կիպրոսի հիմնական մասի և Թուրքիայի կողմից օկուպացված տարածքների միջև՝ բուֆերային գոտում: Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNFICYP) հայտարարության համաձայն՝ ՄԱԿ-ի խաղաղապահները խոչընդոտել են տարածքում չարտոնված շինարարական աշխատանքներին:
Ֆիդանը նշել է, որ «թուրքական համայնքին անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնելու» համար ճանապարհի կառուցման նախագիծը միշտ եղել է օրակարգում:
«Պիլա քաղաքում բնակվող հույն բնակչության համար հարթված ճանապարհը երբեք չի դատապարտվել և արգելափակվել ՄԱԿ-ի կողմից։ Բայց երբ նույնը տեղի է ունենում թուրքական կողմի հետ, մենք տեսնում ենք, թե ինչպես են կղզում ՄԱԿ-ի աշխատակիցները գրեթե հրաժարվել իրենց դերից և, բազեների պես, լուրջ քայլեր ձեռնարկել այդ մարդասիրական նախագծին խոչընդոտելու համար», - ասել է Ֆիդանը՝ մեկնաբանելով բուֆերային գոտում չարտոնված շինարարական աշխատանքները։
Նրա կարծիքով՝ կղզում ՄԱԿ-ի քաղաքացիական և ռազմական ներկայացուցիչների միջև համակարգումը բացակայում է։ Ֆիդանը պնդում է, որ այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի» իշխանությունը վաղուց բանակցություններ է վարում ՄԱԿ-ի քաղաքացիական ներկայացուցչի հետ այդ ճանապարհի շուրջ, և իրեն տեղեկացրել են՝ երբ են շինարարական աշխատանքները սկսվելու։
Նախարարն ավելացրել է, որ այդ հատվածում մեկ գիշերում մեծ քանակությամբ ՄԱԿ-ի տրանսպորտային միջոցներ են կուտակվել, և Անկարան չի ողջունում նման վերաբերմունքը «թուրքական համայնքի» նկատմամբ:
«Մենք կարծում ենք, որ այս քայլով ՄԱԿ-ը կորցրել է իր չեզոքությունն այդ միջադեպում։ Մենք լիովին պաշտպանում ենք ՀԿԹՀ-ի (չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն – խմբ.) օրինական դիրքորոշումն այս հարցում», - նշել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։
ՄԱԿ Անվտանգության խորհրդը համատեղ հայտարարությամբ դատապարտել է Կիպրոսի թուրքերի սադրանքը
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն էր արել՝ դատապարտելով Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահների հետ կապված միջադեպը: Իր հայտարարության մեջ ԱԽ-ն ընդգծել է, որ Կիպրոսի թուրքերի գործողությունները հակասում են ԱԽ բանաձևերին և բուֆերային գոտում ստատուս քվոյի խախտում են: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է իր լիակատար աջակցությունը Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմին, կոչ է արել ապամոնտաժել ապօրինի կառույցները, ինչպես նաև կանխել չարտոնված գործողությունները: