Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մանկավարժները կստանան հավելավճար. ԿԳՄՍՆ

Դպրոց. Արխիվային լուսանկար
Դպրոցների ու նախադպրոցական հաստատությունների տնօրենների հետ նախարարության ներկայացուցիչները ուսումնական տարվան ընդառաջ քննարկվում են ոլորտի խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մանկավարժները, ինչպես նաև հանրապետությունում ԲՏՃՄ (բնագիտական, տնտեսագիտական, ճարտարագիտական և մաթեմատիկական)առարկաներ դասավանդող բոլոր ուսուցիչները՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների, կստանան հավելավճար։ Այս մասին ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկած հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների հետ խորհրդակցությանն ասել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։
Անդրադառնալով հանրակրթական նոր չափորոշչի ներդրմանը` Սվաջյանը նշել է, որ սեպտեմբերից այն ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրականացվի հաջորդ ուսումնական տարում։
Քննարկվել են նաև պարտադիր և կամավոր ատեստավորմանը, ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր:
Նշվել է, որ առաջիկա սեպտեմբերից ներդրվող ֆինանսավորման նոր մոդելով բոլոր դպրոցներում պարտադիր է լինելու հոգեբանի հաստիքը։
Նախարարի տեղակալը պարզաբանումներ է ներկայացրել տնօրենների հավաստագրման գործընթացի, նախադպրոցական համակարգում որակավորման տարակարգի ներդրման, նախադպրոցական կրթության նոր չափորոշչի ներդրման մասին: Նշվել է, որ անցած տարի նախադպրոցական կրթության չափորոշիչը փորձարկվել էր 60 հաստատությունում. այս տարի այն կներդրվի ևս 130-ում:
Նշենք, որ 2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունների շարքը մեկնարկել է օգոստոսի 21-ին, այն կավարտվի օգոստոսի 29-ին` Երևանում: Հանրակրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ առաջին խորհրդատվությունն անցկացվել է Արագածոտնի մարզում, երկրորդը` Շիրակի մարզում։