ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին սեպտեմբերին կայցելի Հայաստանի Հանրապետություն` մասնակցելու Կանադայի դեսպանատան պաշտոնական բացմանը։ Տեղեկությունը հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը։
Նշենք, որ Ջոլին այս մասին հայտնել է հանձնախմբի անդամներին` Մոնրեալի հայկական կենտրոնում նրանց հետ հանդիպման ժամանակ։
Բացի ՀՀ այցելությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Արցախում տիրող օրհասական իրավիճակը և բնակչության ապահովությանն ու անվտանգությանը սպառնացող շրջափակման խնդիրը։
«Հայ դատի հանձնախմբի կողմից վերստին շեշտվել է Արցախի ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը, այն ընդգծմամբ, որ դա Արցախի ժողովրդի անվտանգ ու խաղաղ կենսագործունեության միակ երաշխիքն և, որ Արցախը երբեք չի կարող ենթարկվել Ադրբեջանին ու դառնալ ցեղասպանության զոհ։ Հայ դատի հանձնախումբը Կանադայի ԱԳ նախարարին քաղաքական ու դիվանագիտական առաջնահերթությունների թղթածրար է փոխանցել, որպեսզի ավելի հեշտ կարողանան ծանոթանալ Արցախում ստեղծված ճգնաժամին»,– ասված է հաղորդագրությունում։
Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու մասին Մելանի Ջոլին հայտարարել էր դեռ 2022 թվականի հունիսի 29-ին։ Այդ ժամանակ նշվել էր, որ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը թույլ կտա ամուր կապեր հաստատել 2 երկրի միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը։