ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Իր անչափահաս երեխայի նկատմամբ ֆիզիկական, հոգեկան և սեռական բռնություն կիրառելու և այլ հանցավոր արարքների համար մեղադրվող կինը` Աննա Արևշատյանը, տեղափոխվել է Աբովյանի քրեակատարողական հիմնարկ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Արդեն հայտնել էինք, որ ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ. օգոստոսի 19-ին երեխաների մոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել: Նա երկու ամսով կալանավորվել է։
«Ընթացակարգով նախատեսված է, որ նրան 7 օր կպահեն կարանտինային պայմաններում, ապա 7 օր անց կտեղափոխեն մեկուսարան»,–ասաց նա։
Աննա Արևշատյանը մեկուսարանում կմնա մինչև դատավճիռ կայացվի։
Հիշեցնենք` օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ տարածվեց, որում մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկան, մյուս երեխաներին էլ ներգրավում է, որպեսզի նվաստացնեն դստերը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ աղջկան ծեծում է 34-ամյա Աննա Արևշատյանը։ Դեպքը տեսանկարահանվել է Գավառում։ Նույն օրը նա ձերբակալվեց։