Երևանում մանկապարտեզի տնօրենը հաշվապահի օժանդակությամբ հափշտակվել է շուրջ 65 մլն. դրամ

Մանկապարտեզ. Արխիվային լուսանկար
Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 7.000.000 ՀՀ դրամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը ՀՈԱԿ-ի ֆինանսական միջոցներից յուրացվել է առանձնապես խոշոր չափի՝ 65.051.590 ՀՀ դրամ գումար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ նախկին տնօրենը 2000-2019թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, 2015թ. հունվարից մինչև 2019թ. մայիսն ընկած ժամանակահատվածում, մանկապարտեզի գլխավոր հաշվապահին հրահանգել է ստորագրել տարբեր չափերի գումարների կանխիկացման չեկեր իր և դստեր անուններով:
Նշված չեկերը ստորագրելուց հետո գլխավոր հաշվապահը փոխանցել է տնօրենին, որոնք վերջինս կնքել է կազմակերպության կնիքով: Այնուհետև, մանկապարտեզի տնօրենի հրահանգով, գլխավոր հաշվապահը և տնօրենի դուստրը տարբեր բանկերից կանխիկացրել են գումարները և փոխանցել տնօրենին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Վստահված գույքը հափշտակելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով) իսկ գլխավոր հաշվապահին՝ վստահված գույքը հափշտակելուն հանցակցելը:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում մեղադրյալների կողմից վերականգնվել է 7.000.000 ՀՀ դրամ:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար: