ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել 2024 թվականի համար մսամթերքի և կաթնային շիճուկի առանձին տեսակների նկատմամբ սակագնային քվոտաների սահմանման և բաշխման մասին։ Տեղեկությունը նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրեն Նատալյա Սամոյլովան նշել է, որ խոսքը ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող երրորդ երկրների արտադրության գյուղատնտեսական ապրանքների առանձին կատեգորիաների մասին է` հաշվի առնելով անդամ պետություններում դրանց սպառման և արտադրության հաշվեկշիռները, ինչպես նաև ԱՀԿ-ի առջև երկրների պարտավորությունները:
Կանխատեսվում է, որ այս տարի բացասական տարբերություն է սպասվում խոշոր եղջերավոր անասունների, խոզի մսի, թռչնամսի և կաթնամթերքի արտադրության և սպառման ծավալների միջև:
Հայաստանի, Բելառուսի և Ղրղզստանի համար սակագնային քվոտաները սահմանված են սպառման և արտադրության տարբերության սահմաններում՝ հաշվի առնելով կողմերի պահանջած ծավալները:
Այսպես, խոշոր եղջերավոր անասունների մսի մասով Հայաստանի համար քվոտան կկազմի 9 հազար տոննա (նախորդ տարի եղել է 11,3), խոզի մսի համար՝ 12 հազար տոննա (նախորդ տարի եղել է 7,5 տոննա), թռչնամսի մասով՝ 39,1 հազար տոննա (մնացել է նույնը), կաթնամթերքի ներկրման համար սահմանվել է 1,2 հազար տոննա ծավալ։