ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկին հեռախոսով զրուցել են Լաչինի միջանցքի մասին։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Չեխիայի ԱԳ նախարարը։
«Ես մտահոգություն հայտնեցի Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Անհրաժեշտ է երկխոսություն հետաքրքրված կողմերի միջև»,– գրել է նա։
Լիպավսկին նշել է, որ Արցախում անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինեն։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։