Անել ամեն ինչ ցեղասպանության կրկնությունից խուսափելու համար. Բելգիայի ԱԳ նախարար

Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբը Երևանում
Երևանի և Բրյուսելի միջև դիվանագիտական շփումները կանոնավոր են, բայց արդեն 8 տարի է, ինչ Բելգիայի ոչ մի արտգործնախարար չի այցելել Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբը Երևանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ մեծ հուզմունքով հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Երևան ժամանելուց հետո առաջին հերթին Բելգիայի արտգործնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել, ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակին։ Դրանից հետո Հաջա Լաբիբը հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ նաև շրջել էր Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում։
«Մեծ հուզմունքով հարգանքի տուրք մատուցեցի Հայոց ցեղասպանության զոհերին, մեր բոլորի պարտավորությունն է չմոռանալ պատմության այս ողբերգական էջը։ Մեր պարտավորությունն է նաև ամեն ինչ անել` խուսափելու համար պատմության կրկնությունից»,– նշեց Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նա հպարտությամբ նշեց, որ այսօր Բելգիայում մոտ 30 հազար հայ է ապրում։ Ուրախությամբ հայտնեց, որ իր առաջարկով նախարարների խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանում դեսպանություն բացել։
«Այս հզոր ժեստը ցույց է տալիս, թե ինչ կարևորություն ենք մենք տալիս մեր քաղաքական հարաբերություններին, բայց նաև մեր կամքը` էլ ավելի ամրապնդելու մեր շփումները թե՛ քաղաքական, թե՛ մշակութային, թե՛ ակադեմիական կամ տնտեսական»,– նշեց Բելգիայի ԱԳ նախարարը։
Նրա խոսքով` այս հարաբերությունները զարգացնելու հնարավորություններ կան, և բելգիական մի շարք ընկերություններ ցանկություն ունեն հայաստանյան գործընկերներ գտնելու։
Անել ամեն ինչ ցեղասպանության կրկնությունից խուսափելու համար. Բելգիայի ԱԳ նախարար