ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբն այսօր քննարկել են Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած օրհասական իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրուցակիցները համակարծիք են եղել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման հարցում:
«Բելգիացի գործընկերներից գործուն քայլեր ենք ակնկալում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցում»,– ասել է Ալեն Սիմոնյանը։
Նա կարևորել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցում միջազգային մեխանիզմների ներգրավման անհրաժեշտությունը և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության ակտիվ քննարկումները:
Կողմերը խոսել են նաև Հայաստանի և Բելգիայի խորհրդարանների համագործակցության մասին։
Ալեն Սիմոնյանը ամուր գործընկերության փաստ է համարել Երևանում ռեզիդենտ դեսպանություն բացելու Բելգիայի կառավարության որոշումը:
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Բելգիայի միջև արդյունավետ և կառուցողական երկխոսության երկկողմ ու բազմակողմ բևեռները՝ ընդգծելով հատկապես Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակը:
Ավելի վաղ Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը առանձնազրույց էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, ինչից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպում։ Այնուհետև` արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Հաջա Լահբիբը հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նշենք, որ սա Բելգիայի Թագավորության ԱԳ նախարարի առաջին այցն է Հայաստան։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։