ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայաստանի արդարադատության նախարարությունը մեկ կալանավորին պահելու համար ամսական ծախսում է միջինում 341 հազար դրամ (853 դոլար): Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին գերատեսչության մամուլի ծառայությունից։
Նախարարությունից նշեցին, որ այդ գումարը ներառում է բոլոր ծախսերը, այդ թվում՝ քրեակատարողական ծառայության աշխատակիցների աշխատավարձը, պարգևավճարները, տրանսպորտի, շինարարության ծախսերը և այլն:
«Օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2482 անձ, որոնցից 1110-ը դատապարտյալ են, իսկ 1372-ը՝ կալանավորված»,-նշել են գերատեսչությունում:
Նախարարությունը տեղեկացրել է, որ 2019 թվականին երկրի քրեակատարողական հիմնարկներում պահվում էր 929 կալանավորված անձ, 2020 թվականին՝ 1017, 2021 թվականին՝ 914, իսկ 2022 թվականին՝ 1217: Այսինքն՝ կալանավորվածների թիվը տարեցտարի աճում է։
Դրա հետ մեկտեղ աճում են նաև կալանավորվածներին պահելու ծախսերը։ Քրեակատարողական ծառայության ծախսերի համար 2019 թվականին հատկացվել է 9,4 մլրդ դրամ, 2020 թվականին՝ 10,7 մլրդ դրամ, 2021 և 2022 թվականներին՝ 10,9-ական մլրդ դրամ։
«2023 թվականին ծառայության ծախսերի համար նախատեսված է 12 մլրդ դրամ, փաստացի ծախսերը հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 5,9 մլրդ դրամ»,-նշել են Արդարադատության նախարարությունում։
Նշենք, որ 2023 թվականի հունվարից ուժի մեջ են մտել նոր Քրեական օրենսգրքի նորմերը, որոնք նախատեսում են տնային կալանք և վարչական վերահսկողություն։
Արդարադատության նախարարությունում անտեսել են այն հարցը, թե որքան գումար է հատկացվել պրոբացիայի ծառայության բարեփոխման համար, որը, կառավարության հավաստմամբ, պետք է կրճատեր կալանավորների թիվը Հայաստանի բանտերում: Ֆինանսների մասին դեռևս տվյալներ չկան, սակայն Sputnik Արմենիան ավելի վաղ տվյալներ էր ստացել պրոբացիայի ծառայության շահառուների թվի մասին, որոնց թիվը 2023 թվականի հունիսի 21-ի դրությամբ 3989 է։
Տվյալներ կան նաև այս ծառայության համար կառավարության վերջին ծախսերի մասին։ Մասնավորապես, կառավարությունը 85 մլն դրամ է հատկացրել պրոբացիայի ծառայության սպաներին՝ շրջիկ աշխատասենյակներ ձեռք բերելու համար։ Բացի այդ, գնել է 110 մլն դրամի համակարգչային հսկողության սարքեր։ Այսինքն ՝ ծառայությունների ծախսերը նույնպես աճում են։
Նշենք, որ Արդարադատության նախարարությունը ոլորտի բարեփոխում էր հայտարարել։ Դրա շրջանակներում 2021 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հրազդան» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկները փակելու մասին նախարարության նախագծին։ Նախատեսվում է փակել նաև «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները: Դրանց փոխարեն իշխանությունները մտադիր են 1200 տեղանոց նոր ՔԿՀ կառուցել։ Ներկայումս ՔԿՀ-ներում դատապարտվածներին և կալանավորվածներին պահելու 5346 տեղ կա։