Սոցցանցերում ատելության խոսք է տարածվում. ՀՀ ՄԻՊ–ը կոչ է անում չարդարացնել սպանությունը

Անահիտ Մանասյանը տարբեր գրություններ է հասցեագրել պետական իրավասու մարմիններին` հասկանալու` արդյոք սպանությունը տեղի է ունեցել տուժողի գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության շարժառիթով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը սոցիալական ցանցերում ատելության խոսքի տարածման մշտադիտարկում է իրականացնում է Արմավիրի մարզի 28-ամյա տրանս կնոջ սպանության դեպքի առնչությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք սպանությունը տեղի է ունեցել տուժողի գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության շարժառիթով։ Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ սոցիալական ցանցերում տարածվում է ատելության խոսք, արդարացվում է սպանությունը՝ հաշվի առնելով տուժողի տրանս կին լինելու հանգամանքը»,– նշված է հայտարարության մեջ։
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտել է ցանկացած հիմքով ատելության խոսքի և բռնության կոչերի տարածումը, որը լուրջ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից և կարող է հանգեցնել ատելության հիմքով հանցանքների կատարմանը։
Օմբուդսմանի գրասենյակն այս առնչությամբ գրություններ է հասցեագրել պետական իրավասու մարմիններին` դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։
Հիշեցնենք` ՀՀ ՆԳՆ–ն հայտնել էր, որ այսօր Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել ու ձերբակալվել է սպանության մեջ կասկածվող 26-ամյա երիտասարդ։ Նա Երևանի Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում սուր ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա քաղաքացուն, այնուհետև սպանության հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է բնակարանը:
Դեպքից հետո սոցցանցերի հայկական տիրույթում սկսեցին ակտիվ քննարկումներ անել` շատ դեպքերում խրախուսելով սպանությունը սպանվողի տրանսգենդեր լինելու հիմքով։