ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Սիրիայի զինված ուժերն ահաբեկչական խմբավորումների երեք ԱԹՍ են խոցել, որոնք լցված են եղել պայթյունավտանգ ռազմամթերքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սիրիայի ՊՆ–ին։
«Իդլիբ և Համա նահանգներում գործող մեր զինված ուժերի ստորաբաժանումները պայթյունավտանգ զինամթերքով երեք անօդաչու են խոցել, որոնք փորձում էին գրոհել հուսալի պաշտպանության տակ գտնվող շրջակա գյուղերն ու քաղաքները», – ասվում է հաղորդագրության մեջ։
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից։ 2017 թվականի վերջին հայտարարվել էր Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն»* ահաբեկչական խմբավորման նկատմամբ տարած հաղթանակի մասին։ Երկրի առանձին շրջանները շարունակում են մաքրել զինյալներից։
* «Իսլամական պետությունը» (ԻՊ) Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական խմբավորում է։