ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Երևանից Կապան և հակառակ ուղղությամբ առաջին կանոնավոր չվերթը տեղափոխել է չորս ուղևոր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
Օգոստոսի 21-ից Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթներ են սկսել իրագործել` L-410–UVP E20 փոքր տարողությամբ (17 ուղևորի համար) ինքնաթիռներով։
«Երևան-Կապան ուղղությամբ ինքնաթիռում երկու ուղևոր է եղել, ևս երկու հոգի Կապանից թռել են մայրաքաղաք»,- ասաց Աղաբեկյանը։
Նրա խոսքով` թռիչքը լավ է անցել, թռիչքներն իրականացվել են ըստ չվացուցակի։
Արդեն հայտնել էինք, որ թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ, Երևանից՝ ժամը 08:00-ին, Կապանից՝ 10:00-ին։ Տոմսերի գները սկսվում են 20000 դրամից (50 դոլարից մի փոքր ավելի - խմբ.):
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Երևան–Կապան չվերթով Սյունիք է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հաջորդ օրը` օգոստոսի 18-ին, ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ադրբեջանական կողմից անհայտ անձը կրակոցներ է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ, փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
Օգոստոսի 18-ին Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել էր, որ Կապանի օդանավակայանը չի կարող շահագործվել, քանի որ դրա համար Հայաստանը չունի համաձայնագիր Ադրբեջանի հետ, բացի այդ՝ այն ադրբեջանական սահմանային դիրքերին մոտ է գտնվում:
Օգոստոսի 19-ին էլ Կապանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Սյունիք էին մեկնել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեձկավար Արայիկ Հարությունյանը։
Այդ օրը, մինչ ինքնաթիռի վայրէջք կատարելը, Ադրբեջանը թիրախավորել էր «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։ Այս մասին հայտնել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Գոռ Ծառուկյանը, իսկ ԱԱԾ–ն նշել էր, որ իրենք տեղեկություն չունեն օդանավակայանի մոտ հնչած կրակոցների մասին։