Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը 8 մեդալ են նվաճել Կահիրեում

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը 8 մեդալ են նվաճել Կահիրեում
Մարմնամարզիկները մրցաշարին մասնակցել են մարզիչ Արտակ Այդինյանի ղեկավարությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երիտասարդ անդամներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ընդհանուր առմամբ 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված սպորտային մարմնամարզության Pharaoh's cup մրցաշարում:
Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Համլետ Մանուկյանը 4 ոսկե մեդալ է նվաճել՝ լավագույնը ճանաչվելով զուգափայտ (13,600 միավոր), օղակներ (13,650), նժույգ թափեր (14,300) ու ազատ վարժություններում (13,150):
Մամիկոն Խաչատրյանը երեք արծաթե մեդալ է նվաճել՝ զուգափայտ (13,150), օղակներ (13,000) ու ազատ վարժություններում (13,000), իսկ նժույգ թափերում դարձել է բրոնզե մեդալակիր` վաստակելով 13,850 միավոր և կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Մարմնամարզիկները մրցաշարին մասնակցել են մարզիչ Արտակ Այդինյանի ղեկավարությամբ: