ԼՂ–ում իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն. Միրզոյանը` Պորտուգալիայի գործընկերոջը

Արարատ Միրզոյանը. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԳ նախարարը նկարագրել է հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների համար ստեղծված ծանրագույն պայմանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ վատթարացող հումանիտար ճգնաժամի մանրամասները:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` նշելով, որ այսօր ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։
«Միրզոյանը շեշտել է հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների համար ստեղծված ծանրագույն պայմանները, ինչպես նաև սննդի և դեղորայքի սուր պակասը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի քննարկմանը՝ ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի վերաբացման վերաբերյալ, այդ թվում՝ ԵՄ կողմից հնչած ուղերձների կյանքի կոչման հրատապությունը:
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հակառակ դեպքում իրավիճակը մոտ է իրական հումանիտար աղետի վերածվելուն:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Պորտուգալիայի միջև հարաբերությունների երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցերի, մասնավորապես ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեությանը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։
Օգոստոսի 16-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ ՄԱԿ անդամ մի շարք երկրների ներկայացուցիչներ հորդորեցին Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։