Լեյբլի երգիչը, որի պրոդյուսերն ադրբեջանցի է, Երևանում համերգ կտա. օգտատերերը վրդովված են

Երգիչ Անդրոն . Արխիվային լուսանկար
Բազմաթիվ օգտատերեր «Ինսթագրամում» մեկնաբանություններ են գրել` հիշեցնելով լեյբլի հիմնադրին և, որ ստացված գումարների մի մասը հենց ադրբեջանցի պրոդյուսերի գրպանն է գնալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանցի երգիչ Էլմանին պատկանող երաժշտական «RAAVA MUSIC» լեյբլի հետ աշխատող երգիչ Անդրոն օգոստոսի 30-ին համերգով հանդես կգա Երևանում։ Այս մասին տեղեկանում ենք համերգի կազմակերպչի` «StageMuse» ընկերության սոցցանցերի էջերից։
Անդրոն (իսկական անունը Իոան Ժանի Կուզնեցով) ՌԴ–ում է հանդես գալիս, ռեպ կատարող է, գնչուական ծագում ունի։
Սոցցանցերում նրա համերգի վերաբերյալ լուրն այդքան էլ չի ուրախացրել որոշ օգտատերերի, քանի որ լեյբլի հիմնադիր, պրոդյուսեր Էլմանը (Էլման Զեյնալով) 2020 թվականին 44-օրյա պատերազմի օրերին սոցցանցերում` ի պաշտպանություն Ադրբեջանի հրապարկումներ էր անում։
Բազմաթիվ օգտատերեր «Ինսթագրամում» իրենց վրդովմունքն են հայտնել` գրելով. «Մենակ ադրբեջանցիներն էին պակաս Հայաստանում համերգ տային», «Ամթո է», «Այդ գումարները ադրբեջանցու գրպան են գնալու» և այլն։
Դրանցից մեկին կազմակերպիչ ընկերությունն արձագանքել է, ասելով, որ Անդրոն ազգությամբ գնչու է և Ուկրաինայի քաղաքացիություն ունի, ու որ նրա խմբից ոչ ոք ադրբեջանցի չէ։ Օգտատերերը շեշտել են, որ ադրբեջանցի երգիչ Էլմանն այդ լեյբլի պրոդյուսերներից մեկն է։
Կային օգտատերեր, որոնք անկախ ամեն ինչից ցանկանում են, որպեսզի Անդրոն գա Հայաստան։
Նշենք` համերգը սկզբում նախատեսված էր, որ պետք է կայանար «Վելոտրեկ+»-ում, սակայն ըստ կազմակերպիչների` տեխնիկական խնդիրների պատճառով այն տեղափոխվել է «Մերիդիան» ցուցահանդեսի կենտրոն։
Տոմսերը վաճառվում են 12.000 դրամով, այդ օրը դրանք վաճառվելու են 15.000 դրամով։
Հիշեցնենք, որ Երևանում օրեր առաջ չեղարկվել է օգոստոսի 12-ին նախատեսված Little Big խմբի համերգը։