ՀՀ–ն Ադրբեջանի նախնական առարկությունների առնչությամբ գրավոր դիտարկումներ է ներկայացրել

Եղիշե Կիրակոսյանի ներկայացրած դիտարկումները վերաբերում են ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Արդարադատության միջազգային դատարան գրավոր դիտարկումներ է ներկայացրել Ադրբեջանի նախնական առարկությունների առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
«Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Ադրբեջանի նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի գրավոր դիտարկումները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ 2023 թ. փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։
Օգոստոսի 16-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ ՄԱԿ անդամ մի շարք երկրների ներկայացուցիչներ հորդորեցին Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։