ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Այսուհետ հայկական հրուշակեղենը Եվրամիության երկրներ կարտահանվի հեշտացված տարբերակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ Եվրոպական հանձնաժողովի առողջապահության և սննդամթերքի անվտանգության գլխավոր տնօրինությունը Հայաստանի Հանրապետությունն ընդգրկել է Եվրամիության կողմից լիազորված երրորդ երկրների ցանկում:
«Դա նշանակում է, որ այսուհետ Եվրամիության երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք (սննդամթերք, որը պարունակում է ինչպես բուսական ծագման, այնպես էլ կենդանական ծագման վերամշակված արտադրանք)»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Եվրոպական հանձնաժողովի որոշումը կայացվել է Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի գործառույթների, ինչպես նաև իրականացվող վերահսկողության արդյունքների հիման վրա:
Նշենք, որ պարենային ապրանքներից, Հայաստանից ԵՄ արտահանման հնարավորությունը բաց էր միայն ձկան և ձկնամթերքի համար։