Հայաստանում ապրանքների բարձր գները գերշահույթ են ապահովում. Մանասերյան

Թաթուլ Մանասերյան. Արխիվային լուսանկար
Տնտեսագետի խոսքով` վերահսկողությունը պետք է առաջին հերթին առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ապրանքների բարձր գները գերշահույթ են ապահովում, և պետությունը չի կատարում իր վերահսկողական գործառույթը։ Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
Ըստ վերջին վիճակագրական տվյալների ՝ ԵԱՏՄ պետությունների շարքում գրեթե բոլոր տեսակի սննդամթերքի, ինչպես նաև բենզինի և դիզվառելիքի ամենաբարձր գները ՀՀ–ում են։
Միևնույն ժամանակ ԵԱՏՄ–ում հայաստանյան գները ամենաբարձրը համարվելու ֆոնին պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում գնանկման մասին է հիշատակում: Այս երկու վիճակագրական տվյալների հակասությունները Մանասերյանը բացատրեց այն բանով, որ հիմնական գնանկում ասվածը չի վերաբերում առաջին անհրաժեշտության ապրանքներին։
«Խնդիրն այն է, որ պարզ քաղաքացիները, միջին վիճակագրական հայերը տեղյակ չեն, թե ինչի մասին է գրում վիճակագրությունը։ Դա բնավ այդ մի քանի ապրանքները չեն, որ գնում են հարուստները, միջին խավը, աղքատները, այսինքն` առաջին անհրաժեշտության ապրանքները (հաց, կաթ, ձու)։ Այդ գնանկումը, որը նշվում է, վերաբերում է մոտ 500 ապրանքներին, որոնց երեսը չենք տեսնում։ Երբ մոլիբդենի, մեխակ ծաղիկի գները իջնում են, դա ազդում է վիճակագրության վրա։ Եվ բնական է՝ ամռան սեզոնում 500 ապրանքատեսակներից շատերի գները իջնում են համաշխարհային շուկայում, և դրանք ներկրվում են էժան գներով»,–պարզաբանեց Մանասերյանը։
Տնտեսագետը վստահեցնում է` այն գները, որոնք «նշանակվում են» Հայաստանում ապրանքների վրա, գերշահույթ է ապահովում և աղերս չունի համաշխարհային շուկայի գների տատանումների հետ։ Սա վերաբերում է նաև բենզինի գնին։
«Զավեշտն այն է, որ համաշխարհային շուկայում և այն երկրներում որտեղից մենք ներկրում բենզին, առանձնապես մեծ ցատկ չի եղել, մինչդեռ ՀՀ–ում գրեթե 100 դրամի մեկ ամսում տատանում տվեց։ Սրա մասին պետք է մտահոգվեն մրցակցային հանձնաժողովը, էկոնոմիկայի նախարարությունը, բազմաթիվ այլ կառույցներ, որոնք պետք է դաշտը վերահսկեն թիմային աշխատանքով»,–նշեց նա։
ՄՊՀ–ն ուսումնասիրություն է սկսել բենզինի շուկայում
Մանասերյանի խոսքով` նույնը նաև գազի գներին է վերաբերում։ Մարդիկ ստանում են ՌԴ–ից գազը մի գնով, բայց այլ գնով են վաճառում քաղաքացիներին։
Ըստ բանախոսի՝ պետությունը չի կարող կողքից նայել, թե ինչպես չի կարողանում կենսաթոշակառուն պարենային զամբյուղի նախատեսված ապրանքները ամբողջությամբ ձեռք բերել։
«Պետք է վերահսկվեն և՛ ներկրվող ապրանքների գները, և՛ հատկապես ՀՀ–ում տեղական հումքից արտադրվող ապրանքների գները, որը ևս որևէ կերպ չի վերահսկվում։ Օրինակ հացահատիկի մասին վկայակոչում են համաշխարհային շուկան, բայց մենք մեր մարզերում ունենք հացահատիկի աճեցման հնարավորություն, և գնագոյացումը տեղական հումքի վրա և տեղական աշխատուժով է ձևավորվում»,–հավելեց նա։
Նշենք, որ ԵԱՏՄ երկրների մայրաքաղաքներում հիմնական սննդամթերքի սպառողական միջին գները 2023 թվականի հունիսին էապես տարբերվում են միմյանցից։ Առաջին անհրաժեշտության մթերքների գներով Երևանը ԵԱՏՄ երկրների մայրաքաղաքների առաջատարն է։ Երևանում միսը, ձուն և կաթն ավելի թանկ են, քան` Մոսկվայում։ Հետաքրքիր փաստ է նաև, որ ալյուրը Երևանում թանկ է, սակայն ալյուրից պատրաստված հացն ավելի էժան է, քան Մոսկվայում։