Հայ դպրոցականները 2 մեդալ են նվաճել աստղագիտության միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները 2 մեդալ են նվաճել աստղագիտության միջազգային օլիմպիադայում
Մրցույթին մասնակցել են 50 երկրի 241 աշակերտ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայ դպրոցականները երկու մեդալ և գովասանագրեր են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադայում։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Արեգ Բարսեղյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը, Արտավազդ Հարությունյանը և Մարիա Առաքելյանը։
«Վյաչեսլավ Պետրոսյանը մրցույթում արժանացել է արծաթե մեդալի, իսկ Արտավազդ Հարությունյանը` բրոնզե մեդալի: Արեգ Բարսեղյանը և Մարիա Առաքելյանն արժանացել են գովասանագրերի»,– ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի թիմը ղեկավարել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ Վարդգես Մամբրեյանը։
Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտողական, տվյալների վերլուծության և պլանետարիումի։
Նշենք, որ այն անցկացվում էր Լեհաստանի Սիլեզիա մարզի Կատովիցե քաղաքում օգոստոսի 10-20-ը։
Մրցույթին մասնակցել են 50 երկրի 241 աշակերտ:
Հիշեցնենք, որ 2022 թ. Հայաստանի թիմն Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայում արժանացել էր 3 բրոնզե մեդալների։