Երևան–Կապան–Երևան չվերթերի մեկնարկը տրված է

Լ 410 ինքնաթիռը Կապանում. Արխիվային լուսանկար
Կապան–Երևան չվերթի օդանավում ուղևորների թվում են նաև Սյունիքի փոխմարզպետն ու խորհրդականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ըստ հաստատված չվացուցակի, այսօր առաջին անգամ կայացել են Երևան–Կապան, Կապան–Երևան օդանավով թռիչքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմը։
«Սահմանված ժամանակին «Զվարթնոց»» օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երևան։ Կապան-Երևան չվերթի օդանավում ուղևորների մեջ են նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կանոնավոր թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Երևանից թռիչքն առավոտյան 8։00-ին է, Կապանից` 10։00-ին։ Մի ուղղությամբ տոմսի արժեքը` սկսած 20.000 ՀՀ դրամից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Երևան–Կապան չվերթով Սյունիք է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հաջորդ օրը` օգոստոսի 18-ին, ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ադրբեջանական կողմից անհայտ անձը կրակոցներ է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ, փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
Օգոստոսի 18-ին Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել էր, որ Կապանի օդանավակայանը չի կարող շահագործվել, քանի որ դրա համար Հայաստանը չունի համաձայնագիր Ադրբեջանի հետ, բացի այդ՝ այն ադրբեջանական սահմանային դիրքերին մոտ է գտնվում:
Օգոստոսի 19-ին էլ Կապանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Սյունիք էին մեկնել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեձկավար Արայիկ Հարությունյանը։
Այդ օրը, մինչ ինքնաթիռի վայրէջք կատարելը, Ադրբեջանը թիրախավորել էր «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։ Այս մասին հայտնել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Գոռ Ծառուկյանը, իսկ ԱԱԾ–ն նշել էր, որ իրենք տեղեկություն չունեն օդանավակայանի մոտ հնչած կրակոցների մասին։