ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն.Մ.–ն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել և մինչ օրս չի վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում, անասնապահությամբ զբաղվող քաղաքացին, կորած անասունները փնտրելու նպատակով դուրս է եկել Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներ։ Մինչ օրս վերջինիս հետ կապ հաստատել չի հաջողվում»,– ասված է հաղորդագրությունում։
Ոստիկանությունը նաև նշել է տղամարդու արտաքին տվյալները` հասակը 150-ից 155սմ է, հագին եղել է կապույտ վերնաշապիկ, սև ջինսե տաբատ և կապույտ-սպիտակ երանգներով սպորտային կոշիկ։
Անհետ կորած քաղաքացու մասին որևէ տեղեկություն ունենալու դեպքում իրավապահ մարմինը խնդրում է անմիջապես դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարին։