Ստեփանակերտում լրացուցիչ ծավալի տավարի և խոզի միս կվաճառվի` 1 կգ–ը մինչև 4000 դրամով

Ստեփանակերտի շուկան. Արխիվային լուսանկար
Կառավարությունը քայլեր է ձեռնարկում նաև արտադրվող հացի ծավալներն ավելացնելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 21-ից Ստեփանակերտի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք՝ տավարի և խոզի միս։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
1 կիլոգրամի առավելագույն արժեքը 4.000 դրամ է լինելու։ Նշվում է, որ այս արժեքը որոշ ժամանակ պահպանվելու է: Վաճառքն իրականացվելու է Ստեփանակերտի մսամթերքի վաճառակետերում։
«Սպեկուլյատիվ գնումները բացառելու համար ներկա կգտնվեն ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Շտաբից հայտնում են, որ միջոցներ են ձեռնարկվում նաև հացի ծավալները հնարավորինս ավելացնելու ուղղությամբ:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։