Սահմանապահ գեղեցկուհին. ինչպես Ղալինջաքարը դարձավ Բերդավանի խորհրդանիշը

Ղալինջաքար ամրոցը
Ղալինջաքար բերդը ՀՀ տարածքում գտնվող քիչ թե շատ պահպանված միջնադարյան պաշտպանական կառույցներից մեկն է: Ունի 2 մեծ և 7 փոքր շրջանաձև աշտարակներ, ինչն ավելի գեղեցիկ ու տպավորիչ է դարձնում ամրոցը։ Sputnik Արմենիայի հոդվածը Բերդավան գյուղի խորհրդանիշ դարձած ամրոցի մասին է։
Sputnik
9-րդ դարի վերջերին Բագրատունյաց թագավորության շրջանում Հայաստանի հյուսիսարևելյան սահմաններն ավելի անառիկ դարձնելու նպատակով թագավորության ամբողջ երկայնքով կառուցվեցին տասնյակ բերդեր, որոնք, կարելի է ասել, պարսպի դեր էին կատարում։ Դրանցից մեկը հիմա արդեն Տավուշի մարզի Բերդավան համայնքի տարածքում, Կողբ գետի աջ ափին գտնվող Ղալինջաքար ամրոցն է։
Դարեր են անցել, Հայաստանի սահմաններն այս ընթացքում շատ են փոփոխվել, բայց բերդը կարծես կրկին իր սկզբնական առաքելությամբ` հիմա էլ հայ-ադրբեջանական սահմանն է հսկում։
Երբ բարձրանում ես բերդի կիսավեր պատերի վրա, երևում են թե՛ մեր, թե՛ թշնամու դիրքերը։
Ամրոցի 4 կողմում դեռ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ փորված խրամատներ կան։ Նորերն էլ 2020 թ.–ի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ են փորվել` որպես պաշտպանության երկրորդ գիծ։
Ներկայիս գյուղն իր անվան համար պարտական է հենց Ղալինջաքար ամրոցին: «Ղալա» թարգմանաբար նշանակում է բերդ, տարիների ընթացքում գյուղի անվան «հայաֆիկացման» արդյունքում այն դարձել է Բերդավան։ Գյուղի բնակիչներն էլ ասում են, որ ամրոցի անվանումը «աչալ» բառից է ծագել (Նոյեմբերյանի տարածաշրջանում աչալ են ասում են կողպեքին)։ Կա նաև տարբերակ «ղալին» բառի հետ կապված, որը նշանակում է խիտ, իսկ ամրոցը բավական խիտ քարերից է կառուցված։
Ամրոցը բավական խիտ քարերից է կառուցված
Բերդավանում մարդ չկա, որ Ղալինջաքարի պատմությունը չիմանա։ Հենց մտնում ես գյուղ, առաջարկում են իրենց բերդը բարձրանալ ու պատմում են, թե ինչպես էին դարեր առաջ մոտակա գյուղերի բնակիչները թշնամիների հարձակման ժամանակ պատսպարվում այստեղ։
Բերդավան
Գյուղերի պաշարումները երբեմն ամիսներ է տևել, հենց դրա համարել էլ բերդում գաղտնուղի են փորել, որը հավանաբար տանում է դեպի գետ։ Այն հիմա փակ է, բայց գյուղում վստահ են` հենց այս ճանապարհով են մարդիկ հասել գետին, ջուր բերել ու ամիսներ շարունակ գոյատևել այստեղ։
Այս լեգենդի մասին պատմական տվյալներ չկան, բայց որ ամրոցը պաշտպանական դեր է ունեցել, փաստում են անգամ մասնագետները։
«Այդ ժամանակներում նմանատիպ բերդերի նշանակությունը եղել է սահմանի անառիկությունը ապահովելը։ Շուրջբոլորը մահմեդականներով բնակեցված տարածքներ են եղել։ Տաշիր-Ձորագետի թագավորության ժամանակներում այդ ամրոցներում հավանաբար զորակայաններ են եղել։ Բերդերից միմյանց ազդանշաներ են տվել և զգուշացրել թշնամիների հարձակման մասին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պատմաբան Անդրանիկ Եսայանը։
Ամրոցի հատակագիծը ուղղանկյունաձև է՝ արևելք-արևմուտք ձգվածությամբ: Միակ մուտքը գտնվում է արևմտյան կողմում:
Ամրոցի մուտքը
Կարծիք կա, որ շինությունը սկզբնապես եղել է երկհարկ, սակայն դարերի ընթացքում երկրորդ հարկի հատակը փլվել է: Կառույցն ունի երկու մեծ և յոթ փոքր շրջանաձև աշտարակներ:
Ղալինջաքար ամրոցի աշտարակները
Ամրոցի շինության թվականի ու կառուցողի մասին գիտական տվյալներ չեն պահպանվել: Մասնագետները հակված են թվագրել այն 9-11 դարերով` հաշվի առնելով ճարտարապետական ձևն ու տարածաշրջանի նմանատիպ կառույցների հետ համեմատությունը։ Որոշ մասնագետներ էլ կարծում են, որ բերդը կառուցել է հյուսիսարևելյան Հայաստանում իշխող Բագրատունյաց կրտսեր ճյուղ Կյուրիկյանների Դավիթ Անհողին թագավորը (989-1048)։
Հայտնի է նաև, որ երբ 1236 թ.–ին մոնղոլները գրավել են տարածաշրջանը, թալանել ու գերեվարել են մարդկանց, ավերել են նաև Ղալինջաքար բերդը։
Բերդը մինչև այսօր կիսավեր է, բայց դա ամենևին չի խանգարում լինել մի ամբողջ շրջանի խորհրդանիշ ու պատմամշակութային կարևոր արժեք։
1 / 3

Ղալինջաքար ամրոցը

2 / 3

Ղալինջաքար ամրոցը

3 / 3

Ղալինջաքար ամրոցը

Էրիկի էկզոտիկ այգին` սահմանի եզրին. պերմակուլտուրայի մեթոդը հրաշքներ է գործում
Արժեքավոր է մարդկության համար. ՅՈւՆԵՍԿՕ–ի ցանկում հայկական նոր հուշարձան կարող է ընդգրկվել