ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Արցախի Քաշաթաղի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն իրականացվում, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն օգոստոսի 20-ին ժամը 15։15-ի սահմաններում փորձել են Քաշաթաղի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ սա օրվա մեջ 2–րդ ապատեղեկատվությունն է, որ տարածում է Ադրբեջանի ՊՆ–ն։
Ավելի վաղ Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 19-ին` ժամը 16:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։