Նիդեռլանդներն Ուկրաինային 42 F-16 կործանիչ կմատակարարի. Զելենսկի

F-16 կործանիչ. Արխիվային լուսանկար
Սակայն առաջին հերթին պետք է վերապատրաստել օդաչուներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են օդաչուների և ինժեներների վերապատրաստումից հետո ուկրաինական բանակին 42 ամերիկյան F-16 կործանիչ մատակարարել: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նա հավելել է, որ հետագայում մատակարարումները կավելացվեն։
Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ ժամանել է Նիդեռլանդներ՝ Ռյուտեի հետ հանդիպման, որպեսզի քննարկի ամերիկյան F-16 կործանիչների մատակարարումը ուկրաինական բանակին։
«Այսօր ևս մեկ քայլ ենք անում Ուկրաինայի օդային վահանի ուժեղացման ուղղությամբ։ Մենք Մարկ Ռյուտեի հետ պայմանավորվել ենք F-16-ների քանակի մասին, որոնք կտրամադրվեն Ուկրաինային մեր օդաչուների և ինժեներների մարզումից հետո։ 42 Ինքնաթիռ։ Եվ սա միայն սկիզբն է»,-գրել է Զելենսկին իր տելեգրամ ալիքում։
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Վաշինգտոնը որոշել է հավանություն տալ Կիևին Դանիայից և Նիդեռլանդներից չորրորդ սերնդի ամերիկյան F-16 կործանիչների փոխանցմանը: Սպիտակ տունը հաստատել էր, որ Ուկրաինան ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ կստանա երրորդ երկրներից՝ օդաչուների պատրաստման ավարտից հետո: Ուկրաինական զորքերի օդուժի հրամանատարության խորհրդական Յուրի Իգնատն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան, ինչպես ակնհայտ է դարձել, այս աշնանը կամ ձմռանը չի կարողանա ամերիկյան F-16 կործանիչներ ստանալ: