Կրթել մասնագետներ, որոնց չունենք. Մերգելյանի հայտնի աշակերտի նախագիծը Հայաստանում

Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Սոս Աղայանը
Սոս Աղայանը կիրառական մաթեմատիկայի` աշխարհում առաջատար հետազոտողներից է։ Աշակերտել է Սերգեյ Մերգելյանին։ Այժմ Աղայանը շարունակում է ակտիվ աշխատանքը ԱՄՆ–ում, Հայաստանի գիտնականների հետ էլ սկսել է կյանքի կոչել մի նախագիծ, որը համահունչ է Մերգելյանի տեսլականին։
Sputnik
Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Սոս Աղայանը շարունակում է ակտիվ հետազոտությունները` արհեստական բանականության, տվյալագիտության, պատկերների վերլուծության և այլ ոլորտներում։ Նա սովորել, թեկնածուական ու դոկտորական թեզերը պաշտպանել է Մոսկվայում, իսկ գիտական աշխատանքը սկսել է Երևանում` Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի նորաստեղծ Հաշվողական կենտրոնում, որը հիմնադրել էր Սերգեյ Մերգելյանը։ Մեծ մաթեմատիկոսը, որը 1950-ականների սկզբին համաշխարհային գիտական ճանաչում էր ձեռք բերել ֆունկցիաների տեսության իր հետազոտություններով, որոշել էր Հայաստանում զարգացնել կիրառական մաթեմատիկան։ Այս նպատակով էր, որ նախաձեռնել էր երկու խոշոր գիտական հիմնարկների` Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի, ապա` Գիտությունների ակադեմիայի հաշվողական կենտրոնի ստեղծումը, որը հետագայում անվանակոչվեց Ինֆորմատիկայի ինստիտուտ։
«Մերգելյանի ազդեցության տակ, ավելի քան կես դար առաջ, ես Մոսկվայից տեղափոխվել էի Երևան ու հիմնարար մաթեմատիկայից անցել կիրառականի։ Մինչ օրս ես զբաղվում եմ կիրառական խնդիրներով ու նման մտածելակերպ եմ փորձում զարգացնել նաև աշակերտներիս շրջանում»,– պատմում է Աղայանը։

«Գնա տուն ու շուրջդ նայիր»

Տարիներ առաջ, պատմում է գիտնականը, ասպիրանտներից մեկը նրան խնդրել էր իրեն որևէ գիտական խնդիր հանձնարարել։
«Ես նրան ասել էի` կտամ, բայց նախ գնա տուն, շուրջդ նայիր ու մտածիր, թե ինչ խնդիր կուզենայիր լուծել քո առօրյայում։ Մի քանի օր անց նա եկավ ու ինձ ասաց. «Տատիկս չի կարող լույս վառել, ջուր կամ դեղ վերցնել, ուզում եմ նրա համար ռոբոտ–օգնական ստեղծել»։ Հետո այդ մոդելի հիման վրա ստարտափ էր ստեղծել։ Մեծ գումարներ նա չէր ներգրավել, բայց դա չէ կարևորը. կարևորն այն է, որ նա ստացավ փորձ՝ կիրառական խնդիրներ ձևակերպել ու աշխատել դրանց վրա։ Հետևաբար` մեկ այլ գործում անպայման կհաջողի», – պատմում է գիտնականը։
Մեկ այլ առօրեական հարց Աղայանը փորձեց լուծել իր առանձնատանը` Տեխասում, որտեղ բակում հաճախ օձերի էր հանդիպում։ ԱՄՆ–ի հարավում` անապատային գոտում, շուրջ 1800 տեսակի օձ կա, որից մոտ 300-ը` թունավոր։ Աղայանը և իր աշակերտները ստեղծեցին ծրագիր, որը ջերմատեսիլ տեսախցիկին օգնում է օձերին հայտնաբերել բակում և ազդանշան տալ։
Այս օրինակները ցույց են տալիս, թե ինչպես այսօրվա ուսումնական աշխատանքը կարող է դառնալ վաղվա կիրառական լուծում։

Այն, ինչի համար պայքարում էր Մերգելյանը

Եթե մաթեմատիկական մեքենաների ինստիտուտը ծանրաբեռնված էր հատուկ նշանակության խնդիրներով, ապա հաշվողական կենտրոնը պիտի կատարեր քաղաքացիական բնույթի հետազոտություններ` տրանսպորտի հոսքերի, մեքենայական թարգմանության և այլ ուղղություններով, որոնք այսօր ամենապահանջվածներից են աշխարհում, հիշում է Աղայանը։
Հայտնի գիտնական Սոս Աղայանի (ԱՄՆ) հայկական հետազոտական ​​խումբը
«Այդ խնդիրների համար մենք չունեինք բավարար հզորության հաշվողական մեքենաներ, իսկ ամենակարևորը` բավարար քանակի ծրագրավորողներ։ Ժամանակին, երբ Մերգելյանը կազմել էր մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի նախագիծը, Մոսկվա գնալուց մեկ օր առաջ իր աշխատակազմը նախագծի մեջ հաստիքների թիվը նշել էր 300։ Մերգելյանը պահանջել էր երկու ժամում այդ թիվը դարձնել 3000, որն էլ Մոսկվան բավարարել էր։ Նրա նպատակն էր Հայաստանում ստեղծել մասնագետների մեծ զանգված, այն էլ` նոր մասնագիտություններով, որոնք Հայաստանում դեռ չկային», – պատմում է Աղայանը։

...Եվ ինչն իրականություն չդարձավ

Կարծես թե 90-ականների սկզբին գիտական ինստիտուտներում էր, որ պետք է տասնյակ նոր խնդիրների լուծումներ հետազոտվեին։ Սակայն ցավոք, «խնդիր–հետազոտություն–լուծում» կապը մեր երկրում երկար ժամանակ չէր գիտակցվում։
Աղայանն այդ ժամանակ լաբորատորիա էր ղեկավարում Հաշվողական կենտրոնում (որն այդ ժամանակ վերանվանվել էր Ինֆորմատիկայի ինստիտուտ)։ Նրա գիտաշխատողներից մեկն այդ տարիներին տոմս էր վաճառում, մյուսը` էլեկտրական ջահեր հավաքում, մյուսներն էլ, ով ինչպես կարող էին` օրվա հաց վաստակում։ Հետազոտական աշխատանքները շարունակելու մղումով նրանք հեռացել էին երկրից։ Մի քանիսը Տամպերեի համալսարանում մասնակցել էին արհեստական բանականության կենտրոնի ստեղծմանը, որը հիմա առաջատարներից է Եվրոպայում։
Հարցին, թե արդյոք ցանկություն ունի վերադառնալ Հայաստան և այստեղ աշխատել որպես հետազոտող,Աղայանը պատասխանում է. «Ցավոք, այն խնդիրները, որոնք առաջացել էին 90-ականներին, հետագայում չեն վերացել։ Դժվար է մեղադրել որևէ կողմին, բայց փաստը մնում է փաստ. չկար ֆինանսավորում, և չկային ծավալուն խնդիրներ, որոնց շուրջ պետք էր աշխատել»,– ասում է Աղայանը։

Նոր նախագիծ Հայաստանում

ԱՄՆ–ում գիտնականը շարունակում է աշխատել մի շարք ուղղություներով, որոնցից մեկը ինքնավար մեքենաների կողմնորոշումն է և տեղանքի ճանաչումը անձրևի ու մառախուղի պայմաններում։ Մյուս` հարակից ուղղությունը մեքենաների արագ հայտնաբերումն է (տեսախցիկների տվյալներով)` օրինակ, այն դեպքերի համար, երբ վարորդը փախուստի է դիմում պատահարի վայրից։ Մեկ այլ ուղղություն կապված է պատկերների վերլուծության հետ. դա չարորակ նորագոյացությունների մաթեմատիկական մոդելավորումն է (որը կօգնի բժիշկներին դասակարգել դրանք)։
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) աջակցությամբ և ամերիկահայ բարերարներ Նունե և Սարգիս Սեպետջյանների ֆինանսավորմաբ Աղայանը ստանձնել է Հայաստանում նոր գիտական նախագծի ղեկավարումը FAST-ի ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Մի խումբ երիրտասարդ գիտնականներ կկազմեն մեթոդներ արևային վահանակների տեխնիկական վիճակի գնահատման համար։ Այս մեթոդները կրկին հիմնված կլինեն պատկերների վերլուծության վրա (անօդաչուներից ստացված նկարներով կվերլուծվի, թե որ դեպքում է վահանակը ոչ սարքին կամ փոշոտված, կամ որոշել, թե երբ են ավելի շատ արևային էներգիա կլանում)։
Դրանից բացի, թիմի կողմից կազմած ծրագրային ապահովումը թույլ կտա կազմել վահանակների տարբեր կտրվածքներ` ըստ բաղադրիչ նյութերի (ապակի, մետաղ, սիլիցիում և այլն), որոնք հնարավոր կլինի առանձին–առանձին ուսումնասիրել։ Այս հարցում Աղայանը սկզբունքորեն նույն տեսլականն ունի, ինչ ուներ Մերգելյանը։
«Կարևորն այն է, որ հետազոտական այդպիսի ուղղություններով Հայաստանը գրեթե մասնագետ չունի։ Հիմա պետք է դրանց պատրաստենք», – ասում է Աղայանը։
Նախագիծը մեկնարկել է 2022 թվականի նոյեմբերին և կավարտվի 2026 թվականի նոյեմբերին։
Նշենք` Սոս Աղայանը հեղինակել է (նաև որպես համահեղինակ) ավելի քան 750 գիտական հոդված և շուրջ 30 գիրք, պատենտավորել է 30-ից ավելի հայտնագործություններ ԱՄՆ–ում և այլուր, որոնցից շատերը լայնորեն կիրառվում են։ Եվս 20 նոր պատենտ դիտարկման փուլում են։ Աղայանի և նրա գիտական թիմի մասնակցությամբ հիմնվել են մի քանի ստարտափներ` արհեստական բանականության, կիբեռանվտանգության, համակարգչային տեսողության ոլորտներում։ 2021-ին Ստենֆորդի համալսարանն Աղայանին ներառել է աշխարհի թոփ 2% գիտնականների շարքում (ըստ գիտական աշխատանքի ցուցանիշների)։ Համաձայն Google Scholar–ի դասակարգման (ըստ գիտական հոդվածների մեջբերումների), նա աշխարհում առաջատարն է պատկերների որակի վերլուծության ոլորտում (image quality), հինգերորդը` համակարգչային տեսողությունում (computational vision), 14-րդը` չարորակ նորագոյացությունների սքրինինգում։