ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Իր անչափահաս երեխայի նկատմամբ ֆիզիկական, հոգեկան և սեռական բռնություն կիրառելու և այլ հանցավոր արարքների համար մեղադրվող կինը կալանավորվել է, հայտնում է քննչական կոմիտեն։
Արդեն հայտնել էինք, որ ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ. օգոստոսի 19-ին երեխաների մոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել:
Առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր է ճանաչել: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամսով կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից նաև ձեռնարկվել են երեխաների ապաստանի, խնամքի և անվտանգության ապահովման ուղղությամբ համապատասխան միջոցներ։
Մասնավորապես՝ քննիչի գրությամբ, սահմանված ընթացակարգով, երեխաները տեղափոխվել են համապատասխան խնամքի կենտրոններ։
Հիշեցնենք` օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ տարածվեց, որում մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկան, մյուս երեխաներին էլ ներգրավում է, որպեսզի նվաստացնեն դստերը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ աղջկան ծեծում է 34-ամյա Աննա Արևշատյանը։ Դեպքը տեսանկարահանվել է Գավառում։ Նույն օրը նա ձերբակալվեց։